Իրանում շատ լավ են գիտակցում «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը․ Կարեն Իգիթյան

29 Նոյեմբերի 2024, 23:00

Քաղաքականություն

Ադրբեջանն ամեն բան կանի, որ «Զանգեզուրի միջանցքը» վերահսկվի որևէ երրորդ երկրի կողմից, միայն թե ոչ հայերի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանը։

«Նիկոլ Փաշինյանը համաձայնել է տալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և այն աշխատելու է։ Դրա մասին փաստում է այն, որ Փաշինյանը ստորագրել է նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, որտեղ նշված է, որ Հայաստանի տարածքով անցնելու է այդ ճանապարհը։ Եվ բացի դա Փաշինյանի քաղաքական թիմն առաջին անգամ չէ, որ ասել է՝ դրանում խնդիր չեն տեսնում։ Կան նաև բազմաթիվ արտահոսքեր Փաշինյանի օրոք աշխատած նախկին աշխատողներից և պատկերացում ունենք՝ ինչ են բանակցում։ Բանակցությունները հիմա նրա մասին են, որ ՀՀ-ի տարածքով լինելու է այդ միջանցքը, որը վերահսկվելու է մասնավոր կազմակերպության կողմից։ Իսկ մասնավոր ասելով հասկանում ենք արևմտյան մասնավոր կազմակերպությանը։

Արևմտյան փորձագետների հետ շփումների ժամանակ նրանք ևս ուղիղ ասում են՝ Հայաստանը վաղուց է համաձայնել, և միակ խնդիրը Իրանի դիրքորոշումն է։ Այսօրվա դրությամբ պետք է հասկանանք մի բան՝ Ադրբեջանը պահանջում է, որ վերահսկողությունը չլինի Հայաստանի կողմից, ով ուզում է թող լինի՝ ռուսները, եվրոպացիները, միայն թե հայերը չլինեն։ Ինչու է դա ասում Ալիևը, քանի որ շատ լավ գիտակցում է՝ եթե հայերը զրկվեն հայկական տարածքի վերահսկումից, նա կարող է երրորդ կողմին դուրս մղել, ինչպես արեց ռուս խաղաղապահների դեպքում»,- ասել է Իգիթյանը։

Խոսելով միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին՝ կովկասագետը նշել է․

«Իրանում շատ լավ են գիտակցում այդ միջանցքի նշանակությունը և համարում են այն ՆԱՏՕ-թուրանական միջանք։ Եթե Իրանը համաձայնի և գնա մեծ գործարքի Արևմուտքի հետ, ապա հնարավորություն է բացվում Ադրբեջանի և Թուրքիայի համար իրականացնել այս ծրագիրը։ Ուրիշ հարց է, որ Իրանը գիտակցում է՝ պատժամիջոցներն ինչպես կարող են չեղարկվել, այնպես էլ հաջորդ օրը ուժի մեջ մտնել և կիրառվել։ Իսկ եթե տարածքը թուրքերը վերցնում են իրենց հսկողության տակ, ուրեմն իրենցն է։ Իրանում սա շատ լավ են գիտակցում, և որքան մեզ համար է սա կարևոր, ըստ իս, քիչ պակաս կարևոր չէ Իրանի համար ՀՀ-ի հետ սահման ունենալը։

Եվ ինչպես նշեցինք, եթե Հայաստանը չի պայքարելու, չի պատերազմելու իր տարածքի համար, ուրիշն էլ դա չի անի, և կարծում եմ, եթե մարտական գործողությունները չլինեն Մեղրիի ուղղությամբ, ապա Իրանի գործիքակազմը շատ սահմանափակ կլինի։ Այսինքն՝ Հայաստանի տարածքով պետք է մտնեն, իսկ ՀՀ-ն նրանց կհրավիրի՞, կարծում եմ ՝ ոչ։ Այստեղ ՀՀ-ի կառավարությունը տանում է մի փակուղի, որտեղ Հայաստանն ի վերջո նման սցենարում մենակ է մնալու։ Իսկ թե ինչքանով է այսօր հայկական պետությունն այս կառավարության օրոք պատրաստ դիմադրելու, շատ մեծ հարց է»։