Իրանը աչքաթող չի արել Հարավային Կովկասը. Թեհրանը ուշի ուշով հետևում է. Արամ Շահնազարյան

16 Սեպտեմբերի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ «ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի խոսքով՝ Իրանի նոր դեսպանը լավատեղյակ է Հարավային Կովկասի իրադարձություններին, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի խնդրին։

«Բոլոր նրբություններին նա լավ տիրապետում է, և ես չեմ կարծում՝ դեսպանի փոփոխությամբ «Զանգեզուրի միջանցք»-ի թեմայով որևէ կտրուկ շրջադարձի կամ փոփոխության ականատեսը կլինենք։ Վերջին 2 ամիսների ընթացքում պաշտոնական շփումների մակարդակով Իրանը բազմիցս ընդգծել է իր կարմիր գծերը, և դրանք մնացել են անփոփոխ։ Մոտեցումները, տեսակետները, մտավախությունները, դիտարկումները մնում են նույնը, և ես կարող եմ հստակ նշել, որ նոր դեսպանը ևս նույն գծի կրողն է լինելու իր դիվանագիտական առաքելության ընթացքում»,- նշել է Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Իրանը չի համակերպվել միջանցք կոչվածի հետ և հստակ գիտակցում է, թե ինչպիսի անվտանգային մարտահրավերներ կան դրա տակ թաքնված։

«Միջանցքի հարցը պետք է դիտարկել այն գլոբալ իրադարձությունների շրջանակում, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում։ Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» դրա բաղադրիչներից, ես կասեի, կարևոր բաղադրիչներից մեկն է։ Իրանը ուշի ուշով հետևում է այդ ամենին և չի համակերպվել միջանցք կոչվածի հետ՝ հստակ գիտակցելով, թե ինչպիսի անվտանգային մարտահրավերներ կան դրա տակ թաքնված, որոնք ուղղված են անմիջականորեն Իրանի ոչ միայն տարածաշրջանային շահերին, այլև անվտանգային մթնոլորտին։ Սա հստակ է և միանշանակ։ Հիմա, կարծում եմ, այն փուլում է Իրանը գտնվում, որ հետևում է իրադարձությունների զարգացումներին»,- եզրափակել է Շահնազարյանը։