Իրանը հազիվ թե մեծ ուշադրության արժանացնի Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը․ Հակոբ Բադալյան
07 Փետրվարի 2025, 22:30
Alpha News-ի ուղիղ եթերում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը վերլուծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-ին մեկնել էր ԱՄՆ, որի շրջանակներում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ:
«Փաշինյանը վաշինգտոնյան այցի ընթացքում հայտնվեց այն աղմուկի ծուղակում, որ առաջացել էր հունվարի 14-ին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման առումով։ Սա մեծ հաշվով շատ խիստ աշխատանքային այց էր, որի մեծ մասն անցավ ուղեղային կենտրոնների, հայկական կազմակերպությունների և այլնի հետ։ Սովորաբար պետությունների ղեկավարների այցերն այլ պետություններ ուղեկցվում են այսպիսի հանդիպումներով և ոչ թե պայմանավորված են լինում միայն այսպիսի հանդիպումներով։ Ամեն ինչ հակառակը պետք է լիներ»,- նկատել է մեր զրուցակիցը։
Բադալյանը մեկնաբանել է նաև Իրանի դիրքորոշումը՝ կապված հայ-ամերիկյան հարաբերությունների հետ։
«Իրանը հազիվ թե մեծ ուշադրության արժանացնի Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ փոխնախագահի լուսանկարը ու ընդհանրապես, փոխնախագահի հետ հանդիպումը։ Իմ կարծիքով՝ Իրանն իր հաղորդակցությունն ունի ԱՄՆ-ի հետ՝ անկախ հարաբերությունների բնույթից։ Նախօրեին տեսանք Իրանի դեսպանի հայտարարությունը, որ Երևանը հավաստիացրել է՝ հայ-ամերիկյան փաստաթուղթը, որ ստորագրվեց, չի հակասում հայ-իրանական հարաբերությանը ու չեն լինի քայլեր, որոնք Իրանի շահերին դեմ կլինեն։ Սա նվազագույն ողջախոհությունն է, որ պետք է ցուցաբերի Երևանը»,- եզրափակել է Հակոբ Բադալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։