Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ. Փեզեշքիան
16 Մարտի 2025, 16:01

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ և շնորհավորել երկու հարևան երկրներին ու ժողովուրդներին այս կարևոր իրադարձության առթիվ: Այս մասին ասվում է Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ», — նշվում է Փեզեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ։
Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։