Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը

17 Նոյեմբերի 2026, 20:42

Հասարակություն

Իրանն առաջարկել է Հայաստանին ընդլայնել համագործակցությունն էներգետիկ ոլորտում՝ պատրաստակամություն հայտնելով իր տեխնիկական և ինժեներական ռեսուրսները ներգրավել Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագծում։ Այս մասին հաղորդում է իրանական SHANA լրատվական գործակալությունը։

Համագործակցության հեռանկարները երեքշաբթի Թեհրանում քննարկել են Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Համիդ Բովարդի խոսքով՝ կողմերն արդյունավետ բանակցություններ են վարել նավթավերամշակման գործարանի կառուցմանն իրանական մասնավոր ընկերությունների ներգրավման շուրջ։ Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել Երևանի առաջարկները և նախագծին մասնակցության հնարավոր ձևաչափերը։ Բացի այդ, իրանական կողմը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի հետ գազի մատակարարման ոլորտում փոխգործակցության նոր ուղղությունները և քննարկել անհրաժեշտ տեխնիկական հարցերը։

Իրանի նավթի նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է առանց սահմանափակումների Հայաստան մատակարարել հեղուկացված նավթային գազ (ՀՆԳ) և աջակցել այդ նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանն Իրանից բնական գազ է ներկրում «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում․ հայկական կողմի մատակարարած յուրաքանչյուր 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց Իրանը տրամադրում է 1 խորանարդ մետր գազ։ RBC-ի տվյալներով՝ այս սխեմայով իրականացվող տարեկան մատակարարումների ծավալը կազմում է շուրջ 476 միլիոն խորանարդ մետր։