Իրավունք չունենք մոռանալ  մեր պապերի, հայրերի և եղբայրների հերոսական անցյալը․ Տիգրան Քոչարյան

10 Մայիսի 2025, 16:54

Կրթություն

Սերգեյ Ասլանյանի «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ Հայրենական մեծ պատերազում տարված Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի մրցաշար։

«Այս միջոցառումը որոշեցինք նվիրել Հաղթանակի 80-ամյակին, Շուշիի ազատագրմանն ու Արցախի բանակի կազմավորմանը։ Մենք իրավունք չունենք մոռանալ մեր պապերի, մեր հայրերի և եղբայրների հերոսական անցյալը։ Եվ այսպիսով ներգրավելով գիտակներին՝ կարողանում ենք այս խորհուրդն իրենց փոխանցել։ Իմ կարծիքով՝ հետաքրքիր պայքար է ստացվում»,-ասաց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը։

«Հայ Քուիզ» նախաձեռնության համահիմնադիր Արման Հայրապետյանի խոսքով՝ մրցաշարին մոտ մեկ ամիս պատրաստվել են։

«Ունենք մոտ 130-150 մասնակից, 25 թիմ։ Թիմերը տեղեկացվել են ինչպես սոցիալական տարբեր էջերում հրապարակումների, այնպես էլ մեր տարբեր խաղերին մասնակցության ժամանակ հայտարարությունների միջոցով։ Թիմերը շատ բազմազան են, այսինքն՝ կան սկսնակ, կան անհատներից ձևավորված թիմեր»,- նշեց նա։

«Արձանագրենք, որ հայտնի իրադարձությունների պատճառով մեզնից խլել են եռատոնը։ Եռատոնից մնացել է միայն Հաղթանակի 80-ամյակը, որն իրավունք չունենք կորցնել։ Այս միջոցառումների հիմնական նպատակն այն է, որ թե՛ երեխաների, թե՛ ավելի բարձր սերունդի ներկայացուցիչների հետ միասին ցույց տանք, որ մայիսի 9-ի Հաղթանակը, որը ձեռք է բերվել այդ թվում հայերի, արցախահայերի մասնակցությամբ, մենք հիշում ենք, և այս ֆորմատով հիշատակը պահելով՝  պայքարելու ենք, որպեսզի ինչ-որ ֆորմատով վերադարձնենք եռատոնը։ Միջոցառումները տեղի են ունենում Սերգեյ Ասլանյանի «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ։ Կարծում եմ՝ լավ և ողջունելի նախաձեռնություն է»,- ասաց «Հաղթանակ 80» նախաձեռնության անդամ Բենիամին Մաթևոսյանը։

«SA Foundation» հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին, ուսանողներին և  ստեղծել ներդաշնակ, ապահով ապագա Հայաստանի և հայ ժողովրդի համար։