Իսպանիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել

13 Նոյեմբերի 2026, 11:30

Միջազգային

Իսպանիայում նոյեմբերի 11-ին՝ համընդհանուր գործադուլի ավարտին, երկրի մի շարք քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով կյանքի թանկացման և մատչելի բնակարանների պակասի դեմ։

Իշխանությունների տվյալներով՝ Մադրիդում ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ։ Մինչդեռ բողոքի ակցիաների կոչ արած վարձակալների միավորումները մասնակիցների թիվը գնահատել են 600 հազար։ Բարսելոնայում, ոստիկանության հաշվարկներով, փողոց է դուրս եկել 55 հազար մարդ։

Գործակալության տվյալներով՝ Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացված համազգային մեկօրյա գործադուլը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկուսուկես շաբաթ առաջ։

Նոյեմբերի 11-ի երեկոյան ցույցերն ընդհանուր առմամբ անցել են խաղաղ։ Սակայն Բարսելոնայում, արդեն բողոքի ակցիաների ավարտից հետո, անկարգություններ են սկսվել։

Ինչպես հաղորդում է RTVE հեռուստաալիքը, դեմքերը ծածկած աջ ծայրահեղականների մի խումբ կոտրել է մի քանի խանութների ցուցափեղկեր, հրկիզել աղբամանները և սկսել շշեր, քարեր ու ճայթուկներ նետել ոստիկանների ուղղությամբ։

Ոստիկանությունը հարձակվողների դեմ մահակներ է կիրառել։