Իսրայելի քայլերի գլխավոր թիրախը Թուրքիան է. Շահնազարյան

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ակտիվացումը պայմանավորված է առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ սրմամբ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է սփյուռքահայ գործիչ Արամ Շահնազարյանը:

«Տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Իրանի դիրքերի ամրապնդումը վերջին պատերազմից հետո, նույնպես ազդեցություն են թողնում Իսրայելի քաղաքականության վրա և ստիպում վերադասավորել իր դիրքերը տարածաշրջանում։ Իմ կարծիքով, առաջին և գլխավոր թիրախը Թուրքիան է»,- ասել է Շահնազարյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների լռությունն այս հարցում զարմանալի չէ, քանի որ գործող իշխանություններն, ըստ նրա, Հայոց ցեղասպանության թեման դուրս են թողել ոչ միայն արտաքին քաղաքականության օրակարգից, այլև փորձում են խեղաթյուրել դրա բովանդակությունն ու նշանակությունը հանրային ընկալման մեջ։

«Այդ պարտավորությունների մեջ հստակ մտնում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելը, այլև դրա բովանդակային և իմաստային խեղաթյուրումը»,- ընդգծել է նա։