Իսրայելն Իրանին կզրկի լուրջ հակահարված հասցնելու հնարավորությունից. Յակով Կեդմի
13 Հունիսի 2025, 23:52
Իսրայելի «Նատիվ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իսրայելի հարվածն Իրանին և նշել, որ գործողության նպատակն Իրանի միջուկային ռազմական նախագծի վերացումն է։
«Մեր վերջին տեղեկություններով՝ Իրանը յոթ մղոնանոց քայլերով մոտեցել էր միջուկային զենք ստեղծելու հնարավորությանը։ Մենք ելք չունեինք, ուստի որոշեցինք դա անել հենց հիմա: Հարցը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր փորձերը, որոնք անում էին հատկապես ամերիկացիները, անարդյունք եղան։
Մենք ստացել ենք ԱՄՆ-ի համաձայնությունը, որ ինքներս դա կանենք, և որ նրանք չեն միջամտի, եթե իրանցիները չփորձեն հարձակվել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների կամ ամերիկյան ուժերի վրա։ Մենք ամեն ինչ անում ենք ինքներս: Գիշերը հարձակում է սկսվել իրանական միջուկային ռազմական օբյեկտների վրա։
Սրան զուգահեռ՝ լրջագույն հարված է հասցվել իրանական ռազմական հրամանատարությանը, սպանվել են իրանական բանակի գլխավոր շտաբի պետը, ռազմածովային ուժերի հրամատարը, ցամաքային զորքերի հրամանատարը, ինչպես նաև ԻՀՊԿ հրամանատարը՝ իրանական բանակի մեկ այլ զորամասից։ Խոցվել են նաև ՀՕՊ համակարգերը, միաժամանակ ոչնչացվել են բոլոր հրթիռային կայանքները, որոնք ռազմական գործողությունների սկզբից պատրաստ էին հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, ուստի հրթիռային հարված չի եղել։
Բացի այդ, Իրանը կարողացել է Իսրայելի ուղղությամբ մոտ 100 անօդաչու թռչող սարք ուղարկել, սակայն դրանք բոլորը խոցվել են Սիրիայի, Հորդանանի տարածքում։ Մենք շարունակում ենք Իրանի միջուկային օբյեկտների, ԻՀՊԿ ու իրանական բանակի ուժերի ոչնչացումը, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ գործողությունը շարունակելու համար։ Պարզ չէ՝ որքան կտևի գործողությունը։ Մեր հաշվարկներով՝ մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ»,-ասել է Կեդմին։
Փորձագետի խոսքով՝ Իսրայելը շահագրգռված չէ ԱՄՆ-ի միջամտությամբ և կարող է ինքնուրույն լուծել իր խնդիրը։
«Մենք շահագրգռված չենք ԱՄՆ-ի միջամտությամբ, բայց եթե նա հարձակման ենթարկվի Իրանի կամ իրանամետ ուժերի կողմից, ապա այդ դեպքում ԱՄՆ-ը կորոշի։ Խնդրի լուծման համար, որը մենք դրել ենք՝ Իրանի միջուկային ռազմարդյունաբերության ոչնչացումը և հեղափոխության պահապաններին լուրջ վնաս հասցնելը, ապա մենք ունենք բավականաչափ ուժեր, և ամերիկացիները համաձայն են դրան»,- ընդգծել է Կեդմին։
Խոսելով Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածի մասին՝ փորձագետն ասել է, որ Իսրայելը դա թույլ չի տա։
«Կարծում եմ՝ մենք Իրանին կզրկենք լուրջ պատասխան հարված հասցնելու հնարավորությունից, բայց եթե ինչ-որ բան վերահսկողությունից դուրս գա, մենք ունենք բավականին լավ հակաօդային պաշտպանության համակարգ, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, ուստի դա սարսափելի սպառնալիք չէ Իսրայելի համար»,- եզրափակել է Կեդմին։