Իսրայելը երբեք ոչինչ չի անում առանց պատճառի․ Օլեգ Մակարենկոն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Քաղաքագետ-արևելագետ, միջազգային հարցերով վերլուծաբան Օլեգ Մակարենկոն Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառներին, ինչպես նաև գնահատել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան։

«Պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը բավական ազդեցիկ է, նույնիսկ՝ շատ ազդեցիկ։ Արդյոք այն համեմատելի է հրեական սփյուռքի ազդեցության հետ։ Որոշ առումով՝ այո։ Հետևաբար, ամերիկյան ուղղությամբ այնպիսի համագործակցությունը, որտեղ հրեական լոբբիի կողքին կլինի նաև հայկական լոբբին, կարող է չափազանց հետաքրքիր լինել։ Իսրայելը երբեք ոչինչ չի անում առանց պատճառի։ Այն, ինչ այսօր տեսնում ենք, մի մեծ խաղի մասն է, որի նպատակն է Իսրայելի համար ավելի հեշտ դարձնել իր քաղաքականության իրականացումը՝ լինի դա Լիբանանում, Գազայի հատվածում, թե այլ ուղղություններով։

Սա Իսրայելի լայնածավալ գլոբալ ռազմավարության հերթական տարրերից մեկն է, որը միտված է իր պատկերացրած մեծ Իսրայել պետության ձևավորմանը։ Ուստի չարժե պատրանքներ ունենալ և կարծել, թե Իսրայելն առաջնորդվում է հայ ժողովրդի շահերով։ Այնտեղ, առաջին հերթին, մտածում են սեփական ազգային շահերի մասին»,- նշել է փորձագետը։