Իսրայելը կարող է դառնալ ԱՄՆ-Իրան համաձայնագրի իրագործման գլխավոր խոչընդոտը. Օլեգ Բլոխին

15 Հունիսի 2026, 22:30

Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։

«Այն պայմանագրերի իրատեսականության ու գործունակության մասին, որոնք պատրաստվում են ստորագրել, կդատենք արդեն առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, հաճախ շատ կողմեր հարկ չեն համարում կատարել դրանք և նույնիսկ մանրուքներում, իսկ երբեմն էլ ոչ մանրուքներում, փորձում են խախտել։ Այստեղ պայմանագրերի գործունակության և կատարման խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ հակամարտության կողմերը ոչ թե մեկն են կամ երկուսը, այլ մի քանիսը։ Մի կողմից՝ ունենք Իրանը և Իրաքի շիական խմբավորումները, որոնք աջակցում են Լիբանանի «Հեզբոլլահին»։ Մյուս կողմից, եթե վերցնենք հիմնական խաղացողներին, ԱՄՆ-ն ու Իսրայելն են։ Եթե Իրանն ու պրոիրանական խմբավորումները շարժվում են միասնական ուղղահայացով և միասնական հրամանատարության ներքո, ապա ԱՄՆ-ն ու Իսրայելը հանգիստ կարող են սկզբում գործել նույն հունով, իսկ հետո բաժանվել։ չէ՞ որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իրանը հայտարարեցին պայմանավորվածություններ ստորագրելու մասին, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջապես սկսեցին հայտարարել. «Հրաշալի է, դուք պայմանագիրը ստորագրել եք, բայց մենք դրա տակ չենք ստորագրել և գործելու ենք մեր հայեցողությամբ։ Որովհետև մենք բանանային հանրապետություն չենք»։ Սա, մասնավորապես, հայտարարել է Իսրայելի անվտանգության ծառայություններից մեկի ղեկավարը. «Մենք բանանային հանրապետություն չենք, գործելու ենք մեր ծրագրով»։ Իսկ ի՞նչ ծրագիր է դա լինելու։ Ամենայն հավանականությամբ՝ ռազմական գործողությունների շարունակությունը Լիբանանում։ Եվ այստեղ հարց է առաջանում։ Ինչպես հիշում ենք, Լիբանանում պատերազմի դադարեցումը իրանական կողմի պայմաններից մեկն էր։ Եթե դուք դադարեցնում եք պատերազմը Լիբանանում և դադարում եք ռմբակոծել «Հեզբոլլահի» դիրքերն ու այն թաղամասերը, որտեղ ապրում են նրա կողմնակիցները, այդ դեպքում մենք ստորագրում ենք համապարփակ համաձայնագիրը։ Այսինքն՝ Լիբանանն այս պայմանագրի առանցքային պայմաններից մեկն էր։ Հասկանալի է, որ եթե Իսրայելը խախտի այս պայմանավորվածությունները, ապա ոչ մի հետագա հրադադար չի լինի։ Հասկանալի է, որ Իրանը «Հեզբոլլահի» հետ միասին կսկսի պատասխանել։ Եվ այստեղ արդեն շատ բան կախված է ԱՄՆ-ից. նրանք կա՛մ կշարունակեն տեղի տալ Մերձավոր Արևելքում իրենց ռազմավարական և հիմնական գործընկերոջ՝ Իսրայելի քմահաճույքներին, կա՛մ, այնուամենայնիվ, կպահանջեն պահպանել ստորագրված պայմանագրերը»,- ասել է Բլոխինը։

Փորձագետի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հետագա հակամարտությունը անհրաժեշտ է ներքին խնդիրները լուծելու համար։

«Թրամփի համար, սկզբունքորեն, այս պատերազմն այժմ դարձել է անձեռնտու։ Նա դրա վերջը չի տեսնում, իսկ այն արդյունքին, որն ի սկզբանե պլանավորվում էր, հասնել չհաջողվեց։ Նրան հիմա գոնե պետք է փորձել, դեմքը պահպանելով, դուրս գալ այս պատերազմից։ Եվ այս դեպքում, պայմանագրի ստորագրմամբ, տուժած կողմ է դառնում հենց Իսրայելը, որովհետև նրա խնդիրները փաստացի ոչ մի կերպ լուծված չեն։ Նա խրվել է Լիբանանում, ոչինչ չի կարողացել անել Իրանի հետ, և Նեթանյահուի համար սա բավականին լուրջ խնդիր է, որոնք նրա մոտ առանց այդ էլ գլխից վեր են կուտակվել։ Իսկ նման վերջնարդյունքի դեպքում այդ խնդիրները միայն կշատանան։ Ուստի նրան հիմա պատերազմի շարունակություն է պետք։ Հենց այդ պատճառով էլ Շվեյցարիայում ստորագրված կամ ստորագրվելիք պայմանագրերի կատարման գլխավոր խնդիրը կարող է դառնալ հենց Իսրայելը։ Դե, և, իհարկե, ԱՄՆ-ի հետագա արձագանքը նրա գործողություններին։ Այնպես որ, կհետևենք իրադարձություններին»,- եզրափակել է Բլոխինը։

Հիմա եթերում