Իսրայելը պետք է «խիստ պատժի» սպասի. Խամենեի

13 Հունիսի 2025, 09:05

Քաղաքականություն

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներն ու բարձրաստիճան զինվորականներին: Հարձակման հետևանքով զոհվել են զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը հանցագործություն է անվանել։

«Սիոնիստական ռեժիմն այսօր լուսադեմին իր կեղտոտ ու արյունոտ ձեռքը երկարացրեց մեր սիրելի երկրում հանցագործություն կատարելու համար և իր չար էությունը դրսևորեց առավել քան երբևէ՝ հարվածներ հասցնելով բնակելի կենտրոններին: Ռեժիմը պետք է խիստ պատժի սպասի»,- նշվում է այաթոլլահ Խամենեիի ուղերձում։

Նա ևս հաստատել է, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են մի քանի հրամանատարներ և գիտնականներ: «Նրանց իրավահաջորդներն անմիջապես կշարունակեն իրենց առաքելությունը»,- ընդգծել է Իրանի գերագույն առաջնորդը:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ զոհվել է ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին: