Իսրայելը վտանգում է իրանա-ամերիկյան հուշագրի իրականացումը․ Վարդանյան

Ի սկզբանե ակնհայտ էր, որ ստորագրված հուշագիրը լինելու է բավականին փխրուն: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այս խոչընդոտն ակնհայտ էր դեռևս բանակցային ողջ գործընթացի ընթացքում։

«Այս պայմաններում միանգամայն սպասելի էր, որ Իրանը կփորձի որոշակի ճնշում գործադրել և հասնել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը։ Այժմ մենք տեսնում ենք բանակցությունների հետաձգում՝ հենց այդ պահանջի ֆոնին, սակայն դա դեռ չի նշանակում, որ բանակցություններն ընդհանրապես չեն կայանա»,- նշել է իրանագետը։

Նրա գնահատմամբ՝ հնարավոր է ռազմական գործողությունների որոշակի թուլացում, որի պայմաններում բանակցությունները կրկին շարունակվեն, ինչպես եղել է նախորդ փուլերի ընթացքում։

«Մենք տեսնում ենք Իսրայելի գործողությունների վերաբերյալ հստակ քննադատություն, սակայն այդ քննադատությունը գործնականում դեռ չի հասել իր նպատակին, քանի որ Իսրայելը փաստացի չի դադարեցնում ռազմական գործողությունները»,- եզրափակել է Ժաննա Վարդանյանը։