Ջազի հանճարն ու «Գրեմմի»-ի հայրը. Ջորջ Ավագյանի պատմությունը
15 Մարտի 2025, 22:25

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 15-ին հայազգի պրոդյուսեր և ջազ երաժիշտ Ջորջ (Գևորգ) Ավագյանի ծննդյան օրն է։
Ավագյանը ծնվել է 1919 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում՝ հայ փախստականների ընտանիքում։ Երբ Ջորջը չորս տարեկան էր, նրա ընտանիքը մեկնել է ԱՄՆ և հաստատվել Նյու Յորքում։ Դպրոցն ավարտելուց հետո Ջորջ Ավագյանը ընդունվել է Եյլի համալսարան և որպես ուսանող սկսել է աշխատել «Columbia Records» ձայնագրման ընկերությունում, որտեղ զբաղվել է արխիվների վերլուծությամբ։
Այնուհետև Ավագյանը սկսում է թողարկել ալբոմների շարք ՝ Hot Jazz Classics ջազային պատմության լավագույն ձայնագրությունների վերահրատարակությամբ։ Նրա ձեռքբերումներից էր «Columbia Records»-ում աշխարհում առաջին երկար նվագարկվող ձայնասկավառակների թողարկումը, որն իսկական հեղափոխություն դարձավ։ Նա նաև դարձավ Կարնեգի Հոլում Բենի Գուդմանի անմոռանալի համերգի առաջին կենդանի համերգային ձայնագրության հեղինակը։
Ավագյանի ստեղծագործական գործունեությունը չի ահմանափակվել միայն պրոդյուսերությամբ, նա աշխատել է նաև այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մայլս Դևիսը, Բենի Գուդմանը և այլք՝ ձայնագրելով նրանց անմոռանալի ալբոմները «Columbia Records» ստուդիայում։ Բացի այդ, նա դասավանդել է ջազի պատմություն Կոլումբիայի համալսարանում։
1960-ականների սկզբին Բենի Գուդմենի նվագախմբի հայտնի ելույթը Մոսկվայում կազմակերպել էր հենց Ջորջ Ավագյանը, իսկ հետո նա թողարկել է RCA-ում կրկնակի ալբոմ՝ «Benny Goodman in Moscow»-ը։ 1990 թվականին Ջորջ Ավագյանը դարձել է ԱՄՆ միակ քաղաքացին, ով ստացել է Լենինի շքանշան։ 1998 թվականին մասնակցել է նաև Երևանի միջազգային ջազ փառատոնին։
Մաեստրոն Ձայնագրման արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրներից էր, որը շնորհում է «Գրեմմի» մրցանակները։ Ջորջ Ավագյանը եղել է Կոլգեյթի համալսարանի գրականության պատվավոր դոկտոր, իսկ 2011 թվականին նրա անունը հավերժացել է ջազի Փառքի պատին:
Ջորջ Ավագյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 22-ին։