Ջեյք Լուսարարյանի «Gecko Robotics»-ը միացել է «միաեղջյուրների» ակումբին
19 Հունիսի 2025, 17:40
«Gecko Robotics» ընկերությունը պաշտոնապես մտել է «միաեղջյուրների» ակումբ՝ 125 միլիոն դոլար ներգրավելով Series D փուլի շրջանակներում, ինչը բարձրացրել է դրա գնահատականը մինչև 1,25 միլիարդ դոլար: «Միաեղջյուրների» ակումբը մասնավոր ստարտափների տերմին է, որոնց գնահատված արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
Ջեյք Լուսարարյանի հիմնադրած ընկերությունը զբաղվում է արհեստական բանականությամբ կառավարվող կրիտիկական ենթակառուցվածքների ռոբոտային մոնիտորինգով: Դրա տեխնոլոգիաները կիրառվում են էներգետիկայի, արդյունաբերության և պաշտպանության ոլորտներում, ներառյալ ԱՄՆ ռազմածովային ուժերը և նավթագազային ընկերությունները:
Լուսարարյանը նշել է, որ «Gecko Robotics»-ը ձևավորվել է իր ուսանողական նախագծից և այժմ առանցքային դեր է խաղում ենթակառուցվածքների անվտանգության ապահովման և զինված ուժերի արդիականացման գործում:
«Gecko-ն ծնունդ է առել ուսանողական հանրակացարանի իմ սենյակից և վերածվել է այն ընկերության, որն այսօր ապահովում է հասարակական ենթակառուցվածքների անվտանգությունը, էներգետիկ և արտադրական օբյեկտների օպտիմալացումը, ինչպես նաև բանակների արդիականացումը՝ գլոբալ հակամարտություններից խուսափելու համար», — ասել է ընկերության հիմնադիր Ջեյք Լուսարարյանը: