Ժամանակակից հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել ստեղծված իրողությունները․ Պուտինը՝ «նոր Յալթայի» հեռանկարների մասին

19 Նոյեմբերի 2026, 16:50

Քաղաքականություն

Չինաստանում Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմ բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ հանդիպումն անվանելով դիվանագիտության պատմության կարևոր էջ և հույս հայտնելով, որ այն շարունակություն կունենա։

Պուտինի խոսքով՝ Սի Ծինփինին հաջողվել է ստեղծել վստահության մթնոլորտ, ինչի շնորհիվ պաշտոնական հանդիպումը վերածվել է ազատ և անկեղծ քննարկման՝ հնարավորություն տալով կողմերին ավելի լավ հասկանալու միմյանց դիրքորոշումները։

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, միջուկային զենքի չտարածման խնդիրները, ինչպես նաև ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտությունը։ Պուտինն ընդգծել է, որ միջազգային կազմակերպության գործունեությունը պետք է համապատասխանեցվի ժամանակակից իրողություններին։ Նրա համոզմամբ՝ համաշխարհային անվտանգության ապահովումն այսօր մեծապես կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Չինաստանից։ Նա նաև նշել է, որ Եվրոպայում անվտանգության համակարգի վերաբերյալ Մոսկվայի պահանջներն իրավաչափ են։ Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանին՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ այն դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից և իրավական առումով անհիմն որոշումներ է կայացնում։

Խոսելով «նոր Յալթայի» հնարավորության մասին՝ Պուտինը նշել է, որ Յալթայի խորհրդաժողովի նպատակը աշխարհի բաժանումը չէր․ դրա ընթացքում պարզապես արձանագրվեցին նացիզմի նկատմամբ հաղթանակն ու հետպատերազմյան աշխարհակարգի իրողությունները։ Նրա խոսքով՝ ներկայիս հակամարտությունների կարգավորման դեպքում նույնպես անհրաժեշտ կլինի հաշվի առնել ստեղծված իրողությունները։ Պուտինը հավելել է, որ ցանկալի կլիներ նաև արձանագրել նեոնացիզմի նկատմամբ հաղթանակը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ չնայած աշխարհում առկա բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններին՝ գլոբալ ցնցումներ տեղի չեն ունենում։ Ինչ վերաբերում է ապագային, ապա, նրա խոսքով, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ է սպասվում՝ բացի Աստծուց։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Պուտինը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն անկեղծորեն ձգտում է վերականգնել երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում և տրամադրված է առկա հակամարտությունների, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Նա նշել է նաև, որ Թրամփի հետ ունի ընդհանուր մոտեցումներ քաղաքակրթական արժեքների հարցում։

ՌԴ նախագահի գնահատմամբ՝ Թրամփի վարչակազմի ներկայիս դիրքորոշումը լավատեսության հիմքեր է տալիս։ Թեև Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները լիարժեք կյանքի կոչելը հեշտ չէ, Մոսկվան հույս ունի, որ ամերիկյան կողմի այս տրամադրվածությունը կպահպանվի։ Պուտինի խոսքով՝ ցանկացած պայմանավորվածություն նախընտրելի է դրա բացակայությունից, նույնիսկ եթե այն ամբողջությամբ չիրականացվի։

Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է երկարաժամկետ խաղաղության և, իր ձևակերպմամբ, ոչ թե սկսել է պատերազմը, այլ փորձում է ավարտին հասցնել հակամարտությունը։ Նրա պնդմամբ՝ հակամարտությունը սկիզբ է առել 2014 թվականին, երբ Կիևում իշխանության եկած նոր ուժերը գործող իշխանությունը չճանաչած շրջանների դեմ գործողություններ են սկսել։ Նա նաև նշել է, որ դրան հաջորդած ութ տարիների ընթացքում Մոսկվան, իր պնդմամբ, ապարդյուն փորձել է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումային լուծումները, սակայն Ուկրաինան և եվրոպական երկրները դեռևս պատրաստ չեն դրանց։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Կիևի իշխանությունները շահագրգռված չեն ռազմական գործողությունների դադարեցմամբ, քանի որ հակամարտության ավարտը կարող է հանգեցնել ընտրությունների անցկացման, ինչի արդյունքում գործող ղեկավարության համար իշխանությունը պահպանելը կդժվարանա։ Բացի այդ, ըստ Պուտինի, խաղաղության հաստատումը կզրկի նրանց ֆինանսական միջոցներից և դրանք յուրացնելու հնարավորությունից։

Հիմա եթերում