Ջորջ Ավագյան․ ջազի վարպետը
31 Հոկտեմբերի 2023, 08:38
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ջորջ Ավագյանը ամերիկահայ երաժշտական պրոդյուսեր, մանկավարժ, ջազի պատմաբան է:
Ջազի ապագա վարպետը ծնվել է 1919 թվականին, Արմավիրում՝ գորգավաճառի ընտանիքում։ Մի քանի տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս, այնտեղից էլ՝ Նյու Յորք։
Արդեն ԱՄՆ-ում Ավագյանն ավարտել է դպրոցը, իսկ ավելի ուշ` ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Յեյլի համալսարանը։
Լինելով երիտասարդ ուսանող՝ Ավագյանը DECCA ընկերությանը առաջարկ է արել թողարկել Chicago Jazz-ի 6 ձայնասկավառակների առաջին հավաքածուն՝ ձայնասկավառակի մասին ուղեկցող պատմությամբ։ 1940 թվականին լույս է տեսնում առաջին երկարատև ձայնասկավառակը, որի հեղինակը Ավագյանն է։ Հետագայում ձայնասկավառակները, որոնց տևողությունը հասել է 30 րոպեի, ստացել են «ալբոմ» անվանումը։
1940-ականների կեսերին Ջորջ Ավագյանը թողարկել է «Ջազի պատմությունը» գրամոֆոնային ձայնասկավառակների շարքը՝ ջազի այնպիսի աստղերի ձայնագրություններով, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Բեսսի Սմիթը, Ֆլետչեր Հենդերսոնը և Դյուկ Էլինգթոնը։ Ավագյանը պատրաստել է Լուի Արմսթրոնգի երկու ալբոմ՝ L. Armstrong Plays W. C. Handy և L. Armstrong Plays F. Waller, որոնք առաջին աշխատանքներից էին, որոնք ուղղված էին մեկ կատարողի ստեղծագործությանը։
Ջորջ Ավագյանը հասցրել է դառնալ Warner Brothers կինոստուդիայի երաժշտական բաժնի տնօրեն՝ զուգահեռ մասնաճյուղեր բացելով Թեհրանում, Բրյուսելում և Փարիզում: Հետագայում նա հիմնել է իր սեփական ընկերություն։
Ջորջ Ավագյանը նաև դարձել է Արվեստի և գիտության ազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը, որը հանձնում է հանրահայտ «Գրեմմի» մրցանակը: Ջորջը հայտնի է նաև նրանով, որ առաջինն է, որը կարողացել է կազմակերպել Բենի Գուդմանի նվագախմբի ելույթը Մոսկվայում, 1967 թվականին։
1997 թվականին Ջորջ Ավագյանը արժանացել է «Գրեմմի» մրցանակի։