Կա՛մ պետք է ապրենք, կա՛մ՝ մեռնենք, եթե հանձնի գյուղերը՝ ապրել չենք կարող. ոսկեպարցի

03 Ապրիլի 2024, 16:00

Կարծիք

Ոսկեպարի բնակիչ Արթուր Ստեփանյանը հակադարձում է վարչապետ Փաշինյանին, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը չհանձնելու այլընտրանքը պատերազմն է:

«Այլընտրանք լավ էլ կա: Եթե այդ գյուղերը զիջում ես Ադրբեջանին, ապա մեր հեկտարներով հողերը, որոնք օկուպացված են հակառակորդի կողմից, պահանջիր վերադարձնել: Թող փոխանակում լինի: Դե եթե կարող ես հետ վերցրու դրանք, բայց ասում է՝ փոխանակել չեմ կարող, հետ վերցնել չեմ կարող, բա էլ ինչի՞ ես էդտեղ նստել: Մեզ հետ հանդիպմանն ասաց՝ կմտածեմ, բայց գնաց ու գնաց, հնարավոր է՝ էլ չգա էլ, իզուր էլ սպասում ենք, ինքներս պետք է մեր մասին մտածենք»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց ոսկեպարցի տղամարդը:

70-ամյա Արթուր Ստեփանյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է գնալ իր տանն ապրել, որից մի քանի մետր հեռավորության վրա կարող է դիրքավորվել հակառակորդը, եթե այդ գյուղերը հանձնվեն:

«Եթե ինքն ուզում է այդ գյուղերը հանձնել, մտածե՞լ է, թե ժողովուրդը որտեղ է ապրելու, ուր պետք է գնա: Կառավարությունը պետք է սրա մասին մտածի, բայց իրենց աթոռին նստած հանգիստ ասում են՝ դե 4 գյուղ է էլի, տանք: Ապրելու պայմաններ էստեղ չենք ունենալու, եթե տանք: Մեր եկեղեցին անցնելու է ադրբեջանական վերահսկողության տակ, որի պատից այն կողմ իրենց դիրքն է լինելու: Մեր ճանապարհը, որը միջպետական նշանակություն ունի, անցնելու է իրենց վերահսկողության տակ, Հայաստանը սնուցող գազատար խողովակն անցնելու է իրենց վերահսկողության տակ:

Կարող են պայթեցնել ու ամբողջ Հայաստանն առանց գազ մնա, ինչպես Ղարաբաղի դեպքում արեցին: Էլ ինչի՞ս է պետք էդ Հայաստանը ու էդպես կամաց առաջ են գնալու, մինչեւ Լոռի սահմանը բացվելու է: Կամ պետք է ապրենք, կամ պետք է մեռնենք, ուրիշ ձեւ հնարավոր չէ, եթե տվեցինք այդ գյուղերը՝ ապրել հնարավոր չի լինելու: Իսկ եթե չտանք՝ կապրենք, 34 տարի է էստեղ ենք ապրում, ինչ է եղել որ»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը մարտի 18-ին այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղեր եւ բնակիչների հետ զրույցում ասել, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը: Դրանք են՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են եւ գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում: