Կալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր
03 Սեպտեմբերի 2026, 22:30
2028 թվականի առաջին եռամսյակում Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքում նախատեսվում է Օրինջ շրջանի առաջին հանրային հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրը կառուցվում է ԱՄՆ-ի հայ համայնքի նախաձեռնությամբ։
Տեղական համայնքի նախաձեռնած լայնածավալ նախագիծը կդառնա Irvine Great Park-ի կենտրոնական հատվածի՝ Heart of the Park-ի անբաժանելի մասը։ Այգին համարվում է տարածաշրջանի խոշորագույն հանրային զբոսայգիներից մեկը։
Հուշահամալիրի առանցքային հատվածը կլինի մոտ 3,35 մետր բարձրությամբ բրոնզե քանդակը, որը պատկերում է երեխային գրկած հայ մոր։ Կերպարը խորհրդանշում է ոչ միայն անցյալի ողբերգությունը, այլև հայ ժողովրդի բացառիկ տոկունությունը, սերունդների շարունակականությունը։
Բրոնզե քանդակի շուրջ կլինեն նաև թռչող կռունկներ։ Հայկական մշակույթում այս թռչունը խորհրդանշում է կորցրած հայրենիքի կարոտը, հավերժ հիշողությունն ու խաղաղության ձգտումը։
Քանդակը կամբողջացնի անմոռուկի ծաղիկը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային ճանաչված խորհրդանիշը, որն 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հաստատվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային խորհրդանիշ։
Հուշարձանը կտեղադրվի չորս ֆուտ բարձրությամբ պատվանդանի վրա, որի վրա կփորագրվի «Armenian Genocide April 24, 1915» գրությունը։