Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը

06 Օգոստոսի 2026, 23:56

Քաղաքականություն

Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և Թեմական խորհուրդը հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական մարմինների կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախաձեռնված գործընթացը վերաբերում է բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կարգապահական, վարչական և եկեղեցական իրավասությանը, ուստի պետական միջամտությունն այդ հարցերին, ըստ հեղինակների, հակասում է ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Կանադայի Հայոց թեմը, միաժամանակ, վերահաստատել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և պետական օրինական իշխանությունների նկատմամբ հարգանքը՝ ընդգծելով, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ հոգևոր առաջնորդն է, որի լիազորությունները կարգավորվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով և ներքին կարգով։

Հայտարարության հեղինակները վկայակոչել են նաև Սահմանադրության 18-րդ հոդվածը և միջազգային մի շարք իրավական փաստաթղթեր՝ նշելով, որ դրանք երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և սահմանափակում պետության միջամտությունը դրանց ներքին կյանքին։

Նրանք ընդգծել են, որ եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հարցերով քրեական հետապնդում նախաձեռնելը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ կրոնական ազատությունների պաշտպանության տեսանկյունից։

Հայտարարության ավարտին Կանադայի Հայոց թեմի առաջնորդը և Թեմական խորհուրդը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին կոչ են արել դադարեցնել եկեղեցու ներքին իրավասությանը վերաբերող քրեական վարույթները, պահպանել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված սկզբունքները, հարգել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունն ու շարունակել կառուցողական երկխոսությունը՝ ի շահ իրավունքի գերակայության և ազգային միասնության։