Կանադայից անջատման կողմնակից կուսակցությունը հաղթել է Քվեբեկի ընտրություններում

06 Հոկտեմբերի 2026, 15:02

Միջազգային

Քվեբեկի ինքնիշխանության կողմնակից կուսակցությունը՝ «Քվեբեկյան կուսակցությունը» (Parti Québécois, PQ), հաղթել է նահանգային ընտրություններում և կարող է ձևավորել փոքրամասնության կառավարություն։ Կուսակցությունը հանդես է գալիս նահանգի անկախության օգտին և խոստանում է հանրաքվե անցկացնել Կանադայի կազմից Քվեբեկի դուրս գալու հարցով, հայտնում է The New York Times-ը։

Կուսակցությունը նահանգի օրենսդիր ժողովում մեծամասնություն չի ստացել՝ զբաղեցնելով 127 տեղերից 59-ը։ Ըստ թերթի՝ դա կարող է բարդացնել կուսակցության առաջնորդ Պոլ Սենտ-Պիեռ Պլամոնդոնի խոստման իրականացումը՝ Քվեբեկի անկախության հարցով հանրաքվե անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո՝ 2029 թվականին։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Պլամոնդոնը բացահայտորեն հանդես էր գալիս հանրաքվե անցկացնելու օգտին։ Կուսակցության նախորդ առաջնորդները խուսափում էին կոնկրետ ժամկետներ նշելուց՝ ընտրողների աջակցությունը չկորցնելու համար։ Ներկայում Քվեբեկի բնակիչների շրջանում նահանգի անկախության գաղափարին աջակցում է հարցվածների շուրջ 30 տոկոսը, ինչը վերջին տասնամյակների ամենացածր ցուցանիշներից մեկն է։

Անկախության օգտին հանդես եկող «Քվեբեկյան կուսակցությունն» այս հարցով արդեն երկու անգամ՝ 1980 և 1995 թվականներին, հանրաքվե է անցկացրել։ Երկու դեպքում էլ բնակիչների մեծամասնությունը դեմ է քվեարկել Կանադայից անջատվելուն։

Փորձագետները նշում են, որ այսօր Քվեբեկի ֆրանսախոս բնակչությունն ունի միջինում ավելի բարձր եկամուտ և կրթական մակարդակ, ինչի պատճառով Կանադայից անջատվելու հարցում նրա հետաքրքրվածությունը նվազել է։