«Կարմիր գծերի» թանկացումից հետո Երևանի կենտրոնը չի բեռնաթափվել. Սամվել Հակոբյան

Այս մարդիկ զբաղված են քաղաքական դեմագոգիայով, հասկանում են, որ հանրային վստահություն չունեն: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հայտարարությանը, թե «կարմիր գծերի» վճարների բարձրացումից հետո կենտրոնը որոշակիորեն բեռնաթափվել է։

«Ի պատիվ վարչական դատարանի՝ այսօր ունենք երկու հաղթանակ: Թե՛ «կարմիր գծերի» վճարները, թե՛ տրանսպորտի վիճակը ցույց են տալիս, որ այս մարդիկ աշխատել չգիտեն: Ինչ վերաբերում է տրանսպորտին, կարելի է ասել, որ բոյկոտը հաջողվել է: Դա փաստ է, քանի որ այս մարդիկ փետրվար-մարտին անընդհատ ասում էին, որ բոյկոտը չի ստացվել: Հիմա իրենք ընդունում են և ասում, որ թերի հավաքագրումներ ունեն և փաստացի սպառնում են քաղաքացիներին, որ չեն կարողանալու գնել խոստացած տրոլեյբուսները»,- ասել է Սամվել Հակոբյանը:

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները պետք է հասկանան, որ եթե մարդիկ տեսնում են՝ կա որևէ վճարի կամ ծառայության ապօրինի, ոչ արդարացի թանկացում, սկսում են բոյկոտել, քանի որ թանկացման հիմնավորում չեն ստանում։

Հիմա, ըստ ավագանու անդամի, 15 հազար դրամով կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք հասարակական տրանսպորտից կօգտվեն առանց վճարելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն կերթևեկեն։ Նման նախագիծ է ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, թեև այն մշակել է Երևանի քաղաքապետարանը։

«Այս մարդիկ Ազգային ժողով բերեցին նախագիծ, որով ուզում են պատժել քաղաքացիներին՝ մինչև 15 հազար դրամ տուգանք բոյկոտելու համար: Ազգային ժողովում Ավինյանի թիմակիցները, կարծես, վախեցած են: Նախագիծը դրական եզրակացություն է ստացել, բայց մյուս քայլը տեղի չի ունեցել: Լինելով մեծամասնություն՝ նրանք բառացիորեն փախան նիստերի դահլիճից՝ արհամարհելով 18 000 երևանցու քաղաքացիական դիրքորոշումը: Եթե ունես հանրային դժգոհություն և ձևացնում ես, թե ժողովրդավար ես, եթե հանրությունն ուղիղ ասում է, որ դեմ է քո քաղաքականությանը, ապա պարտավոր ես նահանջել, փոփոխություններ կատարել: Բայց այս մարդիկ սիրում են մեղքը բարդել ուրիշների վրա և երբեք պատասխանատվություն չստանձնել սեփական սխալների համար»,-հավելել է նա:

Հարցին, թե արդյոք «կարմիր գծերի» վճարի թանկացումից հետո Երևանը բեռնաթափվել է, Սամվել Հակոբյանը բացասական պատասխան տվեց:

«Նախօրեին Հայկ Կոստանյանը կեղծ տեղեկություն տարածեց՝ ասելով, թե կարող է տվյալներ տրամադրել այն մասին, թե բոյկոտն ինչ-որ առումով բեռնաթափել է քաղաքը: Դա սուտ է: Պաշտոնապես հայտարարում եմ՝ «կարմիր գծերի» վճարի թանկացումից հետո բեռնաթափում չի եղել: Մինչև 2023 թվականը իրենք մեր քաղաքացիներին վաճառել էին 40 000 տարեկան աբոնեմենտ, 2024 թվականին թանկացումից հետո վաճառել են 8000 աբոնեմենտ: Եթե մարդիկ չեն գնել աբոնեմենտը, դա չի նշանակում, որ մարդիկ էլ չեն գալիս Կենտրոն: Պարզապես մեր քաղաքացիները, ցավոք, ի վիճակի չեն միանվագ 160 000 դրամ վճարել քաղաքի կենտրոնում կայանելու համար»,- եզրափակել է Սամվել Հակոբյանը: