Կարպինը խոսել է Արսեն Զախարյանի՝ հավաքական վերադառնալու հնարավորության մասին

21 Հոկտեմբերի 2026, 22:45

Սպորտ

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է հրավիրվել Ռուսաստանի ազգային հավաքական՝ նոյեմբերին կայանալիք ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։ Նման հնարավորությունը չի բացառել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։

Նրա խոսքով՝ հավաքականի կազմը ձևավորելիս դիտարկվում են նաև նոր թեկնածուներ, իսկ Զախարյանի ընդգրկումը վերջնական հայտացուցակում նա գնահատել է «50/50»։

Նոյեմբերին Ռուսաստանի ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։

Նոյեմբերի 12-ին ռուս ֆուտբոլիստները Տաշքենդում կմրցեն Ուզբեկստանի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 17-ին Կրասնոդարում ուժերը կչափեն Վենեսուելայի թիմի հետ։

Զախարյանը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2024 թվականի մարտին։ Չնայած այն հանգամանքին, որ նախորդ աշնանային հավաքից առաջ նա ընդգրկվել էր ընդլայնված կազմում, վերջնական հայտացուցակում այդպես էլ տեղ չէր գտել։