Կգնանք Հակարիի կամուրջ. անհետ կորածների հարազատներն ակցիա են անում

20 Հուլիսի 2026, 12:40

Քաղաքականություն

Արցախյան պատերազմներում անհետ կորածների հարազատները կրկին կառավարության շենքի դիմաց են. նրանք հայտարարեցին` իշխանությանը 1 շաբաթ ժամանակ են տալիս իրենց հարազատների մասին որևէ տեղեկություն տալու համար։

«Մեծահոգաբար տալիս ենք 1 շաբաթ ժամանակ, եթե որևէ տեղեկություն չլինի, ապա գործի կդնենք մեր խողովակները։ Ադրբեջանում էլ կան մարդիկ, որ նույն մեր կարգավիճակում են, մենք կփորձենք իրենց հետ փոխադարձ աշխատանքի համար խողովակներ գտնել։ Մեր ուժերով կհետաքրքրվենք իրենց անհետ կորածների ճակատագրերով, իրենք էլ` այնտեղ։ Այդ երեխաների ճակատագրերն անվերջ անորոշ չեն կարող լինել։ Այն անձինք, որոնք գիտեն 1990-ականներից սկսած ադրբեջանցիների թաղված տեղեր, թող մեզ հետ կապ հաստատեն, որպեսզի ընդհանուր բազա ունենանք»,– լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Նրա խոսքով` նման դեպք արդեն եղել է, մի սպա տարել է իրեն, քարտեզով տեղը նշել, թե որտեղ կա թաղված ադրբեջանցի զինվորական։ Ղուկասյանը պնդեց` տեղյակ չէ` արդյոք ՀՀ իշխանություններն ադրբեջանական կողմին ինֆորմացիա տվել են, թե ոչ։

«Մենք ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, իսկ այնտեղից էլ` քայլերթով դեպի Հակարիի կամուրջ` չնայած նրան, որ մեզնից շատերն առողջական խնդիրներ ունեն։ Մի բան կարող ենք հստակ ասել` այսպես ալևս հնարավոր չէ ապրել, որևէ պետական կամ միջազգային կառույցից այլևս հույս չունենք։ Մենք պետք է զբաղվենք մեր երեխաների հարցով, իրանց по жизни պետք չէ»,– ասաց Ղուկասյանը։