Կիևում մետրոյի աշխատանքը դադարեցվել է

10 Հոկտեմբերի 2026, 15:00

Միջազգային

Էլեկտրամատակարարման անջատման պատճառով Կիևի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ Այս մասին հայտնել են Կիևի քաղաքապետարանից։

«Արտաքին սնուցման կենտրոններից լարման բացակայության պատճառով մետրոպոլիտենում դադարեցվել են գնացքների երթևեկությունը և շարժասանդուղքների աշխատանքը»,- ասվում է քաղաքապետարանի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Կիևում առավոտից գործում են էլեկտրաէներգիայի կայունացման նպատակով նախատեսված անջատումների ժամանակացույցերը։ Օրվա ընթացքում Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ ընկերությունը («ԴՏԷԿ») հայտնել է, որ քաղաքի խոշոր բնակելի թաղամասերից մեկում՝ Հարավային Բորշչագովկայում, ենթակառուցվածքների վնասման պատճառով իրականացվում են վթարային անջատումներ։

Արդեն մի քանի օր է՝ Կիևը բախվում է էլեկտրամատակարարման խափանումների։ Բացի պլանային հոսանքազրկումներից՝ քաղաքում բազմիցս իրականացվել են նաև արտակարգ վթարային անջատումներ։ Որոշ շրջաններում պոմպակայանների հոսանքազրկման հետևանքով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել, իսկ էլեկտրական հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքն անցել է գոյատևման ռեժիմի։

Հիմա եթերում