Կիրանցից 2 տուն, 15 հեկտարից ավելի հող անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Գոհար Վարդանյան
16 Մայիսի 2024, 21:45
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Կիրանց-Որոտան ճանապարհի հատվածում: Նրանք բողոքում են Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը շարունակելու համար, ինչի մասին նախօրեին հայտարարեց վարչապետի աշխատակազմը:
Alpha News-ի հետ զրույցում Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանն ասաց, որ Ադրբեջանի հետ սահմանազատման հետեւանքով գյուղի երկու բնակելի տուն, այդ թվում՝ Իջեւանի կողմից դեպի գյուղ մտնող ճանապարհի հատվածը (կամուրջը), եւ 15 հա-ից ավելի հող, որը բնակչուհու խոսքով՝ կադաստրի վկայականով պատկանում է Կիրանց գյուղի բնակիչներին՝ անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
«Էդ 2 տունը հաստատ է, բայց քարտեզում գիծը հաստ է, դա նշանակում է, որ տների թիվը կարող է ավելի շատ լինել: Էդ տները երբեք Ադրբեջանին չեն պատկանել ոչ մի քարտեզով: Նոր կառուցվող դպրոցը սահմանազատման արդյունքում Ադրբեջանի սահմանից հեռու է լինելու է 50 մետր, իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Կիրանցի համար նպաստավոր լուր է այն, որ մոտ 25 հա գյուղատնտեսական նշանակության հողեր վերադարձվելու են գյուղին, ապա դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում: Էդ հողերը միշտ եղել են մեր վերահսկողության ներքո, մենք ական ենք դրել, մեր անվտանգությունն ապահովելու համար, հիմա ականը հանեն, որ հող մշակե՞նք, դա լավ լուր ներկայացնելն աբսուրդ է»,- ասաց Գոհարը:
Կիրանցիները պահանջել են Մարդու իրավունքների պատշտպանին եւ Տավուշից ընտրված պատգամավորներին գնալ իրենց գյուղ եւ փորձել խնդիրներին լուծումներ գտնել: Ըստ Գոհարի՝ մարզպետ Հայկ Ղալումյանը ցանկություն է հայտնել հանդիպել բնակիչների հետ, բայց առանց տեսախցիկների:
«Ժողովուրդը չի համաձայնել էդ տարբերակին: Ժողովուրդը ճանապարհը փակել է, թող մարզպետը գա այստեղ՝ գյուղ»,- ասաց Գոհարը: Նա անդրադարձավ նաեւ վարչապետի աշխատակազմի այն հայտարարությանը, թե Կիրանց գյուղի համար նպաստավոր լուրն այն է, որ մոտ 25 հա գյուղատնտեսական նշանակության հողեր վերադարձվելու են գյուղին: Այս հայտարարությունը Գոհար Վարդանյանն աբսուրդ որակեց: