Կլարա Բոյաջյանի Հայաստանից ներշնչված «Batchig»-ը՝ նոր անուն բույրերի աշխարհում

17 Սեպտեմբերի 2026, 20:00

Հայեր

Կլարա Բոյաջյանը 2026 թվականին աշխարհին ներկայացրել է յուրահատուկ բրենդ, որը մեծ արձագանք է ստացել բույրերի ինդուստրիայում։ Ընկերուհու՝ Ժանել Բոլատովայի հետ Կլարան Փարիզում հիմնել է Batchig ընկերությունը։

Ապրանքը կարճ ժամանակում ճանաչում է ձեռք բերել՝ դասական բույրերի նկատմամբ իր յուրօրինակ մոտեցման և նորարարական ձևաչափի շնորհիվ։ Սովորական ապակե սրվակների փոխարեն ընկերությունն առաջարկում է պինդ օծանելիքներ՝ ոճային, բազմակի օգտագործման պատյաններով, որոնք հիշեցնում են նորաձև աքսեսուար։

Վերջերս բրենդը ներկայացվել է Փարիզի կենտրոնում գտնվող «Sézane» բուտիկում, իսկ «Vogue Latam» և «Les Confettis» պարբերականները նույնպես անդրադարձել են «Batchig»-ի բույրերին, որոնցից մեկը հայկական ծիրանի նոտայով է։

«Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում և «Batchig»-ի ոգեշնչման աղբյուրն է։ Մեզ ոգեշնչել են շուկաներում առկա համեմունքների գույներն ու Երևանի եռուն էներգիան, վեհ ու անաղարտ լեռները, խաչքարերի մաքրությունը, որոնց փորագրության մեջ հոգի է ներդրված, ինչպես նաև դարերի հիշողությունն ու պատմությունը պահպանող վանքերի լուռ գեղեցկությունը։ Բրենդի հիմքում ոչ միայն այս զգացմունքների խորությունն է, այլև հենց «batchig» բառը, որը հայերենից թարգմանաբար նշանակում է «համբույր»»,- պատմել են բրենդի հիմնադիրները։

Կլարա Բոյաջյանը ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ հայկական ընտանիքում։ Կրթություն է ստացել Փարիզի հեղինակավոր ESCP բիզնես դպրոցում։ Երկար տարիներ աշխատել է նորաձևության ոլորտում՝ համագործակցելով «Hermès» և «Sézane» ընկերությունների հետ։ Նա ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ՝ աջակցելով AGBU հիմնադրամին։ Կլարան նաև օգնում է միջոցներ հավաքել Camp Nairi ճամբարի համար, որն աջակցում է Հայաստանում ապրող երեխաներին՝ տրամադրելով հոգեբանական և սոցիալական աջակցություն։