Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 130-ը․ հայտարարվել է ազգային աղետի ռեժիմ
11 Օգոստոսի 2026, 16:30
Կոլումբիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի, ևս 570 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ «BluRadio»-ի տվյալներով՝ երկրի 32 քաղաքներում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ։ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները զգացվել են երկրի բոլոր վարչական կենտրոններում, ինչպես նաև հարևան Էկվադորում։
Նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հայտնել է, որ վնասվել է 1575 բնակելի տուն, 37-ն ամբողջությամբ ավերվել է, ևս 61 շինություն փլուզվել է։ «Caracol» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ իշխանությունները հայտարարել են ազգային մասշտաբի տարերային աղետ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Խոսե դել Պալմարի շրջանում՝ ավելի քան 100 կիլոմետր խորության վրա։ Չոկո դեպարտամենտի նահանգապետ Նուբիա Կարոլինա Կորդոբա-Կուրին հայտնել է, որ տարածաշրջանի կենտրոն Կիբդո քաղաքում կան տուժածներ և շենքերի լուրջ ավերածություններ։ Նա նաև մտահոգություն է հայտնել հնարավոր հետցնցումների վերաբերյալ։
«Caracol»-ի տեղեկություններով՝ վնասվել է Մանիսալեսի տաճար-բազիլիկան։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բոգոտայում։ ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) հայտնել է, որ ցունամիի վտանգ չկա։