Կոնգրեսի ընտրությունները նոր հնարավորություններ են բացում հայկական հարցերի առաջմղման համար․ Բրայան Արդունի

13 Նոյեմբերի 2026, 22:20

Կարծիք | Քաղաքականություն

ԱՄՆ-ում կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներն ու ուժերի հարաբերակցության փոփոխությունները կարող են նոր հնարավորություններ ստեղծել հայկական հարցերի առաջմղման համար։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ նա նշել է, որ Կոնգրեսում տեղի են ունեցել ուժերի հարաբերակցության զգալի փոփոխություններ՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում են անկուսակցական սկզբունքով՝ կենտրոնանալով կոնկրետ քաղաքական հարցերի ու խնդիրների վրա։

«Կապույտ ալիքը, կապույտ ցունամին (Դեմոկրատական կուսակցության գույնն է), կարծում եմ՝ ընդհանուր առմամբ լավ է, թեև, իհարկե, չէինք ցանկանա, որ դա տեղի ունենար Կալիֆոռնիայում։ Սակայն ընտրությունների արդյունքում Կոնգրեսում ուժերի հարաբերակցության առումով բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։

Մենք անկուսակցական ենք, կենտրոնանում ենք քաղաքականության և կոնկրետ խնդիրների վրա։ Հետևաբար, ընդհանուր առմամբ, անկախ ամեն ինչից, սա դրական զարգացում է։ Մեր մի շարք բարեկամներ վերընտրվել են, իսկ ձեռք բերված նոր բարեկամներն ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնելու։

Օրինակ՝ կոնգրեսական Քրիս Պապասը, որը մինչ այս Ներկայացուցիչների պալատի անդամ էր, այժմ ընտրվել է Սենատի անդամ։ Միչիգանում ևս նման օրինակներ կան․ հայամետ դիրքորոշում ունեցող սենատորներից մեկը նույնպես ընտրվել է և կաշխատի Սենատում։ Այսպիսով՝ տեսնում ենք, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել հայկական հարցերի առաջմղման համար»,- ասել է Արդունին։

Անդրադառնալով Ամերիկայի Հայկական համագումարի գործունեությանը՝ նա ընդգծել է, որ կազմակերպությունը չի միջամտում թեկնածուների առաջադրման կամ պաշտոններում նրանց ընտրության գործընթացներին՝ իր առաջնահերթությունը համարելով հանրային իրազեկումն ու կրթական աշխատանքը։

«Ամերիկայի Հայկական համագումարը չի զբաղվում թեկնածուների առաջադրմամբ կամ որևէ պաշտոնի համար նրանց աջակցելով։ Մեր դերը հիմնականում կրթական և իրազեկման աշխատանքն է, այլ ոչ թե թեկնածուներին սատարելը»,- ընդգծել է Բրայան Արդունին։