Կորոնավիրուսի նոր շտամի ախտանշանները նման են մրսածությանն ու գրիպին․ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս թեստավորվել
08 Նոյեմբերի 2026, 18:00
COVID-19-ի նոր՝ PJ.2.1 շտամի ախտանշանները կարող են նման լինել մրսածության կամ գրիպի ախտանշաններին, ուստի անհրաժեշտ է թեստավորում անցնել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)։
Կազմակերպությունում նշել են, որ միայն ախտանշանների հիման վրա հնարավոր չէ հստակ որոշել, թե որ շնչառական վիրուսն է առաջացրել վարակը։
«COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել։ Հետևաբար, միայն ախտանշանների հիման վրա հնարավոր չէ վստահորեն որոշել, թե որ շնչառական վիրուսն է հիվանդության պատճառ դարձել»,– հայտնել են ԱՀԿ-ից։
Կազմակերպությունում հավելել են, որ այն դեպքերում, երբ հիվանդության հարուցիչի բացահայտումը կարող է ազդել բուժման մարտավարության կամ հանրային առողջապահության ոլորտում որոշումների կայացման վրա, կարող է անհրաժեշտություն առաջանալ թեստավորում իրականացնելու։
Ավելի վաղ ԱՀԿ-ի՝ Ռուսաստանում ներկայացուցչությունից գործակալությանը հայտնել էին, որ աշխարհում աճում է կորոնավիրուսի նոր՝ PJ.2.1 շտամի տարածման վտանգը։