«Կովերի պարտեզ»-ի տարածքից ոչ մի սանտիմետր չենք զիջելու․ Սեդրակ Պալյան

04 Ապրիլի 2024, 23:00

Քաղաքականություն

Երեկ ոստիկանությունը մի խումբ բնակիչների հետ եկել ու ներխուժել է «Կովերի պարտեզ»-ի տարածք, և այնտեղ տեղակայված պահակատները փորձել են անօրինական ձևով քանդել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Save the ARQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանը։

«Մենք այս պահին գտնվում են «Կովերի պարտեզ»-ի հյուսիսային տարածքում։ Մեր ժառանգավորները գալիս են այստեղ հոգևորական, միաբաններ դառնալու համար։ Երեկ ուղիղ 11։30 ոստիկանությունը մի խումբ բնակիչների հետ եկել ու ներխուժել է «Կովերի պարտեզ»-ի տարածք, և այնտեղ տեղակայված պահակատները փորձել են անօրինական ձևով քանդել։ Այնտեղ հայ երիտասարդները և հայոց պատրիարքության անվտանգության ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։ Այս պահին երկու գործընթաց կա Իսրայելի դատարաններում, և արգելված է որևէ փոփոխություն կատարել այս տարածքում։ Սակայն ոստիկանությունը, կրկին կողմնակալություն ցուցաբերելով, ներխուժեց տարածք և անօրինական ձևով քանդեց այդ պահակատները»,- ասաց Պալյանը։

Նա վստահեցնում է՝ չեն պատրաստվում «Կովերի պարտեզ»-ի տարածքից ոչ մի սանտիմետր զիջել։

«Բարեբախտաբար, ձերբակալված անձ չունենք, իսկ երիտասարդներն էլ լուրջ վնասվածքներ չունեն։ Բայց մեկ է, մենք մեր պայքարը շարունակում ենք, հիմա էլ հերթապահում ենք, չենք հուսահատվելու և այս տարածքից ոչ մի սանտիմետր չենք զիջելու»,- եզրափակել է Պալյանը։