Կրեմլը ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունն անվանել է իր ինքնիշխան իրավունքը
12 Փետրվարի 2025, 14:42

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունն անվանել է Երևանի ինքնիշխան իրավունք։
«Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Անշուշտ, թե՛ իրենք՝ հայերը, թե՛ մնացած բոլորը պետք է հասկանան, թե որքանով է դա երկուստեք ցանկություն, և ինչպես են իրենք՝ եվրոպացիները վերաբերվում դրան։ Մենք գիտենք շատ երկրների փորձը, որոնք, այսպես ասած, դրվել են երկար հերթի մեջ… հերթ, որը չափվում է տասնամյակներով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների՝ ՀՀ խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին օրինագծի ընդունման մասին հարցին։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ ՝ 7 պատգամավոր։