Կրեմլում մեկնաբանել են Պուտինի՝ Երևան այցի հնարավորությունը

12 Փետրվարի 2024, 13:56

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայ գործընկերներից՝ կապված ՄՔԴ-ին միանալու հետ, այդ հարցը պետք է լուծվի։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք», — լրագրողներին ասել Է Պեսկովը։

Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ փետրվարի 1-ին՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։ Ռուսական կողմը բազմիցս անհամաձայնություն է հայտնել փաստաթուղթը վավերացնելու Երևանի ծրագրերին։ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրն ավելի վաղ «Ռիա Նովոստի»-ին ասել էր, որ Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ անօրինական դատական «օրդերների» ֆոնին։ Հայ գործընկերներին զգուշացվել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա հնարավոր քայլերի բացասական հետևանքների մասին, ընդգծել է աղբյուրը։