«Կրեմլյովսկի բալետ»-ը Մոսկվայում կներկայացնի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը
05 Մայիսի 2025, 12:55
Ռուսաստանի «Կրեմլյովսկի բալետ» թատրոնը մայիսի 11-ին Մոսկվայում կներկայացնի հայ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը: Ցուցադրությունը տեղի կունենա Կրեմլի պետական պալատի Մեծ դահլիճում:
Այդ բեմում ներկայացումն առաջին անգամ ցուցադրվել է ավելի քան 40 տարի առաջ և անմիջապես սիրվել հանդիսատեսի կողմից:
«Հեքիաթային գործողության հիմքը Հենրիխ Մայորովի անզուգական խորեոգրաֆիան է, որը ներկայացված է բազմաբովանդակ, հումորով ու սարկազմով լի պարի լեզվով, ինչպես նաև Կարեն Խաչատրյանի հիասքանչ երաժշտությունն ու Վալերի Լևենթալի ցնցող սցենոգրաֆիան: Այս հոյակապ եռյակը ստեղծում է սյուժեի ամբողջականություն՝ թույլ տալով լիովին ընկղմվել բեմում տեղի ունեցողի մթնոլորտում»,- ասված է Կրեմլի պալատի հաղորդագրությունում։