Կրոնական ազատությունների համաժողովին բարձրացրել ենք հայ գերիների հարցը. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյան
06 Մարտի 2025, 22:00
Կրոնական ազատությունների համաժողովի նախագահը հետաքրքված է Հայաստանով, և վստահ է՝ վերջին տարիներին հայերի հետ տեղի ունեցածն անարդարություն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր, ՀԱԵ ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:
«Օրերս Վաշինգտոնում տեղի ունեցավ Կրոնական ազատությունների համաժողովը, որին մասնակցում էր 140 երկիր, այդ թվում՝ մենք: Համաժողովի ընթացքում բարձրացրել ենք մեր ռազմագերիների, 120.000 արցախցիների բռնի տեղահանման, ինչպես նաև Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվող հոգևոր հարստության հարցը: Մենք մեր ձայնը բարձրացնում ենք, և վստահաբար կարող եմ ասել, որ այն լսելի է, մեր ասածներին կարևորություն են տալիս: Այդ մի քանի օրերին լսել ենք մի շարք երկրների ներկայացուցիչների, այնուհետև հնարավորություն ստացել նրանց ներկայացնելու, թե ինչ տեղի ունեցավ Արցախում և ինչ կարող է տեղի ունենալ հետագայում:
Կրոնական ազատությունների համաժողովի նախագահը նախկին սենատոր է, նա այցելել է Հայաստան, զրուցել մեր ներկայացուցիչների հետ, հանդիպել Կաթողիկոսին: Նա մեզնով հետաքրքված է, և վստահ է, որ վերջին տարիներին մեզ հետ տեղի ունեցածը անարդարություն է»,- նշել է Այքազյանը:
Խոսելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեության մասին՝ սրբազանն ասել է․
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց Արցախ, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը, Շվեյցարիայի Բողոքական ազգային եկեղեցիներ նախագան ու ես գտնվում էինք Լաչինից 1 կմ հեռավորության վրա: Մեզ թույլ չտվեցին շարունակել ճանապարհը՝ նշելով, որ պատերազմ կարող է սկսվել: Նրանք դեռ չհասած Էջմիածին, նամակներ ուղարկեցին ամբողջ աշխարհին՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ: Հետ վերադառնալուց հետո էլ, նրանք հայտարարություններ տարածեցին՝ ի նպաստ Հայաստանի, ավելի ճիշտ՝ ներկայացրեցին իրականությունը: Նրանք նշեցին՝ այն ամենն, ինչ մենք տեսանք, լռիվ այլ էր մեր լսածից: Եվ այսօր էլ անհրաժեշտ դեպքերում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություններ է անում ի նպաստ հայ ժողովրդի»: