ԿԸՀ–ն պնդում է` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու իրավական հիմքեր չկան

27 Հունիսի 2026, 16:50

Քաղաքականություն

Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության վերջնական ելքի վրա։ Սահմանադրական դատարանում ընթացող քննության շրջանակներում այս մասին հայտարարեց պատասխանող կողմի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` մանդատների բաշխման և արդյունքների ամփոփման վերաբերյալ ԿԸՀ որոշումներն ամբողջությամբ իրավաչափ են ու կայացվել են Ընտրական օրենսգրքի (ԸՕ) պահանջների խիստ պահպանմամբ։

ԿԸՀ նախագահի տեղակալն իր դիրքորոշման մեջ հղում արեց Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի առաջին մասին, որը հստակ սահմանում է վերաքվեարկություն անցկացնելու կամ ընտրություններն անվավեր ճանաչելու իրավական մեխանիզմները։ Ըստ այդ կարգավորման՝ ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե արձանագրված խախտումների հետևանքները հնարավոր չէ շտկել առանձին տեղամասերում վերաքվեարկություն կազմակերպելու միջոցով։

«ԿԸՀ-ն գտնում է, որ ընտրության արդյունքները կարելի է անվավեր ճանաչել միայն այն պարտադիր պայմանով, որ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արժեքները որոշելու հնարավորությունը»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահի տեղակալը։

Նունե Հովհաննիսյանը շեշտեց, որ որևէ առանձին ընտրատեղամասում կամ տարածքում արձանագրված թերացումները չեն կարող ընդհանրացվել ամբողջ հանրապետության մակարդակով։