Իսրայել Հակոբկոխյան. ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկը
21 Հոկտեմբերի 2024, 23:20
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայկական բռնցքամարտի անվանի մարզիկներից մեկի` աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի ծննդյան օրն է։
Ծնվել է 1960 թվականին Երևանում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Համառության և կանոնավոր մարզումների շնորհիվ Հակոբկոխյանը դառնում է պատանիների աշխարհի չեմպիոն և ԽՍՀՄ Ժողովուրդների 7-րդ ամառային սպարտակիադայի հաղթող։
1980 թվականին նա տեղափոխվել է ավելի ծանր քաշային կարգ (67 կգ) և ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում Մոսկվայի Օլիմպիական խաղերում։ Հետագա տարիները Հակոբկոխյանի համար ամենահաջողակներից էին։ 1985 և 1989 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկ։ Մարզիկը 1989 թվականին ճանաչվել է նաև ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ և եղել ԽՍՀՄ 10 լավագույն մարզիկների թվում։
Հետագա 11 տարիների ընթացքում նա մնացել է խորհրդային ուժեղագույն միջին քաշային բռնցքամարտիկներից մեկը, և նրան հաջողվել է ևս հինգ անգամ հաղթել ԽՍՀՄ առաջնություններում, երեք անգամ՝ Եվրոպայի առաջնությունում, երկու անգամ՝ Բարի կամքի խաղերում, ինչպես նաև եղել է աշխարհի գավաթի հաղթող և աշխարհի չեմպիոն։
1991 թվականին Իսրայել Հակոբկոխյանն ավարտել է իր մարզական կարիերան և սկսել մարզչական գործունեությունը Երևանի մանկապատանեկան մարզադպրոցում։ 1999–2000 թվականներին եղել է բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։