Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ

27 Մարտի 2024, 13:34

Քաղաքականություն

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շարունակվող և անօրինական բանտարկությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը, այդ թվում՝ նրանց կյանքին վտանգ սպառնալը, միջազգային լուրջ ներկայության անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել: Հետևաբար, Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր և ապահովելու Ադրբեջանում պատանդառված բոլոր հայ ռազմագերիների, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ կերպով հայրենիք վերադարձը»։

Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ Ադրբեջանը կալանքի տակ է պահում Արցախի Հանրապետության ութ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից կալանքի տակ պահվող բոլոր հայերի տառապանքը խորապես մտահոգիչ է, այսուհանդերձ, նրանց հատկապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի վիճակը։«Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Վարդանյանին Ադրբեջանում առանձնահատուկ կերպով են ատում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում նրա բացահայտ և անսասան աջակցության պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։

Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ի իր հայտարարության մեջ նշել էր, որ Ռուբեն Վարդանյանի չորս ամսվա «կանխարգելիչ կալանավորմանը» հետևելու են մի շարք շինծու մեղադրանքներ:
Հաշվի առնելով Վարդանյանի և մնացած բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդանշական և պատմական նշանակությունն Արցախի անկախության գործում՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել նրանց հետ։

Ինստիտուտը ևս մեկ անգամ կոչ է արել միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչախմբին՝ անհապաղ կերպով ազատ արձակելու բոլոր հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին։ Բացի այդ, միջազգային հանրությանը հորդորել է զերծ մնալ ցանկացած տեսակի օգնության տրամադրումից, որը կարող է ավելի վատթարացնել Արցախի ցեղասպանության զոհերի տառապանքը կամ քաջալերել Ադրբեջանին՝ իրականացնելու ցանկացած անօրինական ոտնձգություն Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ։

Հիմա եթերում