Լևոն Արոնյանը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին

19 Նոյեմբերի 2026, 18:02

Սպորտ

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում առավելության է հասել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։ Եզրափակիչ փուլում Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոն, որի հետ նա կվիճարկի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարում հաջող է հանդես եկել նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը։ Կիսաեզրափակիչում նա պարտության է մատնել հունգարացի անվանի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտին։ Եզրափակիչ փուլում Մարտիրոսյանը 9-րդ տեղի համար կմրցի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի հետ։

Մրցաշարի եզրափակիչ փուլի հանդիպումները կանցկացվեն նոյեմբերի 19-ին և 20-ին։ Խաղային յուրաքանչյուր օր շախմատիստները կխաղան 7-ական պարտիա՝ 4 կայծակնային, 2 արագ և 1 դասական ձևաչափերով։