Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

26 Օգոստոսի 2026, 14:58

Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշել է, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելու մասին, հետևաբար մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը` այդ կերպ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելը, ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել։

«Ուստի երեկվա ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ»,– գրել է փաստաբանը։

Բացի այդ, ըստ Ալեքսանյանի, դատարանի որոշումը, որով թույլատրվել էր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարել, իր մեջ պարունակում է բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա եզրահանգումներ։

«Այնինչ վիճարկվող որոշումից հետևում է, որ այդ օպերատիվ տվյալները չստուգված են և առհասարակ չգնահատված են, ինչը ևս ապօրինի է դարձնում դատարանի որոշումը»,– եզրափակել է փաստաբանը։

Հիմա եթերում