Լիբանանում հրադադարը դեռևս չի նշանակում հարձակումների դադար. Բագրատունի

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին AlphaNews-ի հետ զրույցում նշել է, որ տարածաշրջանում հրադադարի ընկալումն այսօր փոխվել է. Լիբանանում հրադադարը դեռևս չի նշանակում հարձակումների լիակատար դադար:

«Հրադադար ասելով՝ մենք հասկանում էինք փոխադարձ հարձակումների և թիրախավորումների դադարեցում, սակայն, ըստ երևույթին, այժմ նոր ընկալում է ձևավորվել․ նույնիսկ հրադադարի պայմաններում հարձակումները շարունակվում են, պարզապես՝ ավելի փոքր ծավալով»,- ասել է նա։

Անդրադառնալով բանակցություններին՝ Բագրատունին նշել է, որ գործընթացն ընթանում է երկու ուղղությամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև, ինչպես նաև Լիբանանի քաղաքական ու ռազմական պատվիրակության և ԱՄՆ-ի միջև, ինչն աննախադեպ է երկրի պատմության համար։ Նրա խոսքով՝ արդեն կան որոշ պայմանավորվածություններ, սակայն պահպանվում են նաև չհստակեցված հարցեր, այդ թվում՝ դեռևս չհրապարակված անվտանգային համաձայնագիրը։

«Տակավին վաղ է հստակ եզրակացություններ անել, քանի որ լիբանանյան հասարակության և քաղաքական ուժերի միջև լուրջ տարաձայնություններ կան»,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք է ստանա ինչպես նախարարների խորհրդի, այնպես էլ խորհրդարանի հավանությունը։

Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես պայմանավորվածությունների երաշխավոր, սակայն «Հեզբոլլահ»-ը և մի շարք քաղաքական ուժեր դեմ են առաջարկվող համաձայնագրին։