Լիտվայի արխիվներում վերականգնվել են Թուրքիայի ճնշմամբ հեռացված Հայոց ցեղասպանության մասին հրապարակումները

13 Մայիսի 2026, 13:45

Քաղաքականություն

Լիտվայի պետական արխիվների կայքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումները վերականգնվել են, երբ դրանք աննկատ հեռացվել էին Թուրքիայի դեսպանատան ճնշման և Լիտվայի ԱԳՆ-ին վերագրվող ոչ պաշտոնական շփումներից հետո։

Լիտվայի կառավարական շրջանակների աղբյուրները մայիսի 8-ին հաստատել են, որ բոլոր հրապարակումները վերականգնվել են։

«Մայիսի 8-ին Լիտվայի կառավարական շրջանակներից տեղեկություն է ստացվել, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր հրապարակումները վերականգնվել են արխիվի կայքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լիտվայի կենտրոնական արխիվային ծառայության ղեկավար Ինգա Զակշաուսկենեն հաստատել է, որ ապրիլի 28-ին տեղի է ունեցել հրատապ հանդիպում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում, նրա խոսքով, Լիտվայի պետական արխիվի աշխատակիցներին մեղադրել են Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելու մեջ։