Լոս Անջելեսում լրագրողներով ուղղաթիռ է կործանվել․ երեք մարդ զոհվել է

16 Սեպտեմբերի 2026, 14:20

Տնտեսություն և Բիզնես

ԱՄՆ-ում լրատվական ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Լոս Անջելեսի արվարձանում կործանվել է ուղղաթիռ, որն այդ շրջանի տեղական լրատվամիջոցներն օգտագործում էին տարբեր իրադարձությունների ուղիղ հեռարձակումների համար։ Ինչպես հայտնում է NBC News-ը, վթարի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան՝ Լոս Անջելեսի արվարձանում՝ Սան Ֆերնանդոյի հովտում, խոշոր ավտովթարի վայրի մոտ։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ ուղղաթիռն ընկել է երկու շենքերի միջև գտնվող ավտոկայանատեղի, որտեղ հրդեհ է բռնկվել։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչների խոսքով՝ դեպքի վայրում ընդհանուր առմամբ չորս տուժած է հայտնաբերվել։ Նրանցից երեքը տեղում մահացած են ճանաչվել, իսկ ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ուղղաթիռի՝ վթարի հետևանքով ստացած ծանր վնասների պատճառով առայժմ հնարավոր չէ հստակ պարզել, թե քանի մարդ է եղել ուղաթիռում։