ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ նախարար
03 Հուլիսի 2025, 15:07
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 9346 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացին:
«Եթե դիմումներն ընդհանուր նայենք, 10 961 դիմում այս պահի դրությամբ ունենք, ընդ որում, ի տարբերություն այլ անձանց, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում մենք չորսուկես ամսվա փոխարեն շուրջ 1 ամսում ամփոփում ենք ամբողջ աշխատանքները և ներկայացնում ենք:
Դիմումներն ընդունվում են նաև շրջիկ սպասարկման գրասենյակներում: Ընդ որում՝ այդտեղ ժամանակացույցի առումով շատ ավելի ինտենսիվ պրոցեսներ ունենք. այսօր, օրինակ, Չարենցավանում ունենք շրջիկ սպասարկման գրասենյակներ, և եթե մեր հայրենակիցները ցանկություն ունեն, կարող են միանգամից մոտենալ և դիմումները ներկայացնել:
Ասեմ, որ ծնողների քաղաքացիության ուժով նաև 4400 անչափահաս արդեն իսկ անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով»,- նշել է նախարարը: