Մակրոնի առաջնորդած կուսակցության պարտության բուն պատճառն ավելի խորն է․ Հակոբ Բադալյան

Մակրոնի առաջնորդած կուսակցության պարտության բուն պատճառն ավելի խորն է։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը․

«Մակրոնի՝ Ազգային ժողովը լուծարելու որոշման ֆորմալ առիթը ԵԽ-ի ընտրության արդյունքն էր, որտեղ Մակրոնի առաջնորդած «Վերածնունդ» կուսակցությունը բավականին էական պարտություն կրեց, բայց բուն պատճառը ավելի խորն է։ Ընդհանուր առմամբ, Մակրոնի ու նրա առաջնորդած կուսակցության քաղաքական խնդիրները ունեն բավականին վաղուցվա պատմություն։ Հիշում ենք՝ ինչպիսի բողոքի ակցիաներ էին իրականացնում, օրինակ, ֆրանսիացի ֆերմերները և ընդհանրապես, բավականին մեծ են տնտեսական դժգոհությունները։

Նաև խոշոր հաշվով արտաքին քաղաքական հաջողութուններ Մակրոնի կառավարող ուժը ոչ միայն չի գրանցել, այլ նաև, օրինակ, Ֆրանսիայի ազդեցության ավանդական գոտիներում տեղի է ունեցել նահանջ, նկատի ունեմ՝ աֆրիկյան մի շարք երկրների։

Այս պարագայում, կարծում եմ, Ֆրանսիայի նախագահը առիթը օգտագործեց երկրի ներքաղաքական դիրքերի հստակեցման համար, առավել ևս, որ աշխարհաքաղաքական իմաստով տեսնում ենք Ֆրանսիայի ջանքեը՝ միտված այս կամ այն բևեռում գործընկեր գտնելուն, մասնավորապես՝ նկատի ունեմ այն, որ ընդհամենը շաբաթներ առաջ Չինաստանի նախագահն էր այցելել Ֆրանսիա, հետո օրեր առաջ տեսանք ԱՄՆ նախագահ Բայդենի այցը այդ երկիր։ Կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրը իր տեսանկյունից որոշակի ակնկալիքներ ունի Ֆրանսիայի դիրքորոշման առումով։ Այստեղ Մակրոնին անհրաժեշտ է այդ ներքաղաքական հստակեցումը հետագա գործողությունները ծրագրելու համար»,- ասել է Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով՝ Մակրոնի այս քայլը մտածված էր, նա ուզում է ցույց տալ, թե լայնախոհ է․

«Օգտագործելով այս առիթը՝ Մակրոնը առնվազն փորձում է գոնե այդ որոշումը կայացնել իր համար որոշակի շահեկան դիրքերից, այսինքն՝ այդ ընտրությունը անցկացնելու որոշումը կայացնում է ոչ թե ընդդիմության պահանջով կամ քաղաքական ներքին իրադարձությունների ճնշման արդյունքում, այլ ցույց տալու համար, որ ինքը բավականին լայնախոհ է»,- եզրափակել է Հակոբ Բադալյանը։

Հիմա եթերում