Մակրոնի վարկանիշը հասել է պատմական նվազագույնի․ հարցվածների 81%-ը բացասաբար է գնահատել նրա գործունեությունը

13 Սեպտեմբերի 2026, 16:20

Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը հասել է աննախադեպ ցածր մակարդակի։ Ipsos BVA-ի՝ սեպտեմբերի 9–10-ը Ֆրանսիայի 1000 չափահաս քաղաքացիների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ նախագահի գործունեությանը դրական գնահատական է տվել հարցվածների ընդամենը 16–18%-ը, մինչդեռ 79–81%-ը դժգոհ է նրա աշխատանքից։ Սա 2017 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Մակրոնի վարկանիշի բացարձակ նվազագույն ցուցանիշն է։

Վարկանիշի անկումն առավել նկատելի է նախագահի քաղաքական մեծամասնության աջակիցների շրջանում․ հուլիսի համեմատ նրանց շրջանում Մակրոնի գործունեության հավանության ցուցանիշը նվազել է 19 տոկոսային կետով՝ հասնելով 53%-ի։

Մակրոնի աջակցությունը նվազել է նաև ձախակողմյան կուսակցությունների և բնապահպանական շարժումների կողմնակիցների շրջանում։ Իսկ նրա նկատմամբ ամենաբացասական վերաբերմունքը «Ազգային միավորում» կուսակցության աջակիցների շրջանում է․ նրանցից միայն 6%-ն է դրական գնահատել նախագահի գործունեությունը։

Հարցումն անցկացվել է ներկայացուցչական ընտրանքով, իսկ վիճակագրական սխալի սահմանը կազմել է 0,6–3,1 տոկոսային կետ։

Հիմա եթերում