ԱՄՆ-ը Հայաստանի անվտանգության հարցերի վրա ազդելու հնարավորություն չունի. Մարատ Բաշիրով

24 Հունվարի 2025, 21:30

Քաղաքականություն

Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի բիզնեսի և կառավարության փոխազդեցության տեսության և պրակտիկայի ամբիոնի պրոֆեսոր, «Политджойстик» տելեգրամյան ալիքի հեղինակ Մարատ Բաշիրովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի անդամակցության հարցը Եվրամիությանը, հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի ու ԱՄՆ-ի կողմից ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

Նրա խոսքով՝ Եվրամիություն մտնելը Հայաստանի սուվերեն իրավունքն է, ուստի Ռուսաստանի Դաշնությունը որևէ բան թելադրելու իրավունք չունի։

«Դրանք կարող են լինել խորհրդակցություններ ինչ-որ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են համատեղ գործընթացներին, բայց ոչ ավելին։ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք դրված են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնադրության մեջ, այն կազմակերպությունների կանոնադրությունում, որոնց մեջ մտնում են Հայաստանն ու Ռուսաստանը: Բայց Եվրամիության հետ խնդիրը դուրս է ՄԱԿ-ի իրավասություններից, երկկողմ հարաբերություններից և այն սկզբունքներից, որոնք ամրագրված են, օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) կամ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

Ես չեմ հավատում, որ Հայաստանը կմտնի ԵՄ մի շարք պատճառներով։ Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ է ընդունել հսկայական քանակությամբ ներքին օրենքներ, փոխել տեխնիկական կանոնակարգերը և համաձայնվել Հայաստանի ինքնիշխանության մի մասի փոխանցմանը։ Եվ ես, անկեղծ ասած, վստահ չեմ, որ դա ձեռնտու է ՀՀ քաղաքացիներին։ Սա կարող է ձեռնտու լինել, այսպես կոչված, էլիտաներին, որոնք պատրաստ են սեփական շահերի համար զոհասեղանին դնել իրենց երկրի շահերը։ Դա միշտ հանգեցնում է ներքին դիմադրության»,- ասել է Բաշիրովը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանը ԵՄ-ի համար ունի միայն մեկ հաղթաթուղթ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

«Ռուսաստանը չի տուժում այն փաստից, որ Հայաստանի ղեկավարությունը որոշակի որոշումներ է կայացնում։ Բայց Հայաստանի Հանրապետությունը, այս երկրի քաղաքացիները, նրանք, իհարկե, կարող են լրջորեն տուժել, քանի որ կան որոշակի տարածքային ու էներգետիկ սահմանափակումներ։ Հայաստանը դեպի ծով ելք չունի: Միակ բանը, որից կարելի է կառչել այն համաշխարհային գործընթացների շրջանակներում, որոնք այսօր տեղի են ունենում, այսպես կոչված, մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքների կառուցումն է։ Այս մուլտիմոդալ միջանցքները ներկայումս հանդիսանում են գլոբալ առևտրի խոչընդոտներից մեկը, որին ակտիվորեն ուշադրություն են դարձնում Եվրամիության երկրները և Միացյալ Նահանգները: Եվ ահա Հայաստանն ունի այդ մեկ հաղթաթուղթն`այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը կարող է դառնալ այդ մուլտիմոդալ միջանցքի մի մասը, այսինքն՝ հնարավոր է դրա վրա գումար աշխատել։ Եվրամիությունն այս միջանցքից բացի այլ շահ չունի»,- նշել է Բաշիրովը։

Քաղաքագետը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող ազդել Հայաստանի անվտանգային խնդիրների վրա:

«ԱՄՆ-ը հնարավորություն չունի լրջորեն ազդելու Հայաստանի անվտանգային հարցերի վրա, քանի որ հիշեցնում եմ՝ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի մաս է, որի կազմում է Թուրքիան, և Թուրքիան բարեկամական, այդ թվում՝ ռազմական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ հիմնական կոնֆլիկտային իրավիճակը Հայաստանի համար առաջանում է հենց Բաքվի հետ վեճերում։ ԱՄՆ-ը նույնպես կաշկանդված է։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում օգնություն ցուցաբերել անվտանգային հարցերում։ Դա կարող է լինել խորհրդատվություն, օգնություն ինչ-որ հետախուզական տվյալների մասով, սա ԱՄՆ իշխանությունների լիակատար իրավասությունն է, սակայն ռազմական միջամտությունն ուղղակի անհնար է»,- եզրափակել է Բաշիրովը։