Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմում կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ը

08 Հունիսի 2025, 15:50

Մշակույթ

Հունիսի 8-ին և 9-ին Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմում առաջին անգամ կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը՝ Կրասնոյարսկի օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի կատարմամբ:

Ընթացիկ մրցաշրջանում Սիբիրից թատերախումբը վերականգնել է հերոսական բալետը՝ Յուրի Գրիգորովիչի լեգենդար բեմադրությամբ։

Արամ Խաչատրյանի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Սպարտակ» բալետը, շարունակում է հնչել աշխարհի լավագուն բեմերից։ Կոմպոզիտորը բալետը գրել է 1954 թվականին: Լիբրետոյի հեղինակն է Նիկոլայ Վոլկովը։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմքում ընկած է Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ 1959 թվականին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։

Բալետի առաջին բեմականացումն իրականացրել է հայտնի բալետմայստեր Լ. Յակոբսոնը: 1968թ. տաղանդավոր պարուսույց Յուրի Գրիգորովիչի կողմից իրականացվել է բալետի երրորդ բեմադրությունը: