Մարկ Սաղաթելյան․ մարդ, ով կարողանում էր ժպիտ պարգևել
01 Սեպտեմբերի 2026, 22:00
Մարկ Սաղաթելյանը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 1-ին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտ։ Հենց ուսանողական տարիներին էլ սկսվել է նրա ստեղծագործական ուղին․ նա ընդգրկվել է Երևանի բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ-ի թիմում, որը երկու անգամ՝ 1992 և 1994 թվականներին, դարձել է Բարձրագույն լիգայի չեմպիոն։
Սաղաթելյանը կարճ ժամանակում հայտնի է դարձել քաղաքական գործիչների և արվեստագետների նմանակումներով, իսկ խարիզման նրան դարձրել է հանդիսատեսի ամենասիրելի դեմքերից մեկը։
ՈՒՀԱ-ի գործընկերների հետ նա հիմնադրել է «Շարմ հոլդինգը», որը հետագայում դարձել է Հայաստանի առաջատար պրոդյուսերական կենտրոններից մեկը։ Սաղաթելյանը ոչ միայն դերասան և շոումեն էր, այլև խոշոր նախագծերի կազմակերպիչ, «ՏԱՇԻՐ» ազգային մրցանակաբաշխության հաղորդավար և հեղինակային հեռուստահաղորդումների վարող։
Նրա անունը ասոցացվում էր հումորի, երգիծանքի և հանդիսատեսի հետ անմիջական շփման հետ։ Հեռուստատեսությունում նա վարել է բազմաբնույթ հաղորդումներ, մասնակցել ժամանցային նախագծերի ստեղծման, ինչպես նաև նկարահանվել է կինոյում։
Նրա աշխատանքներից են «Մեր բակը», «Մեր բակը 2», «Բանդա», «Մեր բակը 3» և «Քայլ ձիով» ֆիլմերը։ Այս ֆիլմերում Սաղաթելյանը ևս մեկ անգամ դրսևորել է իր դերասանական վարպետությունը՝ ներդաշնակորեն համադրելով կատակերգությունն ու դրամատիզմը։
Սակայն նրա ճակատագիրը ողբերգական էր։
2012 թվականի հունիսին Սաղաթելյանը պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ ավտովթարի է ենթարկվել։ Նա ողնաշարի և կոնքի ծանր վնասվածքներ է ստացել, վիրահատվել է Գերմանիայում, որից հետո նրա վիճակը ժամանակավորապես բարելավվել է։
Սակայն 2013 թվականի հուլիսին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Բժիշկները ախտորոշել են սուր լեյկոզ և ուղեղի արյունազեղում։
2013 թվականի հուլիսի 31-ին Մարկ Սաղաթելյանը մահացել է Երևանում՝ 41 տարեկան հասակում։
Նրա մահը մեծ կորուստ էր հայկական մշակույթի համար։ Սաղաթելյանը վառ հետք է թողել հայկական հեռուստատեսության և հումորի պատմության մեջ, իսկ նրա անունն առ այսօր մարդկանց հիշողության մեջ արթնացնում է ժպիտ ու ջերմ հուշեր։
Մարկ Սաղաթելյանը կարճ, բայց բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ է անցել։ Նրա ստեղծած կերպարներն ու վարած հաղորդումները մինչ օրս ջերմությամբ են հիշվում հանդիսատեսի կողմից։