Մարսելից մինչև «Փարիզի Աստվածամոր տաճար» համաշխարհային մյուզիքլ․Պատրիկ Ֆիորի
23 Սեպտեմբերի 2026, 22:00
Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայանը, որը հայտնի է Պատրիկ Ֆիորի բեմական անունով, ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 23-ին Մարսելում՝ հայ փախստական Ժակ Շուշայանի և կորսիկացի Մարի-Անտուանետ Ֆիորիի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Մարսելի և Աժաքսիոյի միջև՝ միաժամանակ կրելով հայկական ու կորսիկյան ավանդույթների ազդեցությունը։
Երաժշտությունը նրան ուղեկցել է դեռ վաղ տարիքից։ 12 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Մարսելի օպերայում՝ դերասան Ֆրանկ Ֆերնանդելի հրավերով և հանդես եկել «La Légende des Santonniers» մյուզիքլում։
16 տարեկանում Ֆիորին ծնողների ֆինանսական աջակցությամբ թողարկել է իր առաջին սինգլը՝ «Stéphanie»-ն։ Շուտով նա դարձել է «Les Habits du dimanche» հեռուստաշոուի մասնակիցը, որտեղ արժանացել է հանդիսատեսի ուշադրությանը։ 1980-ականների վերջին նա ելույթ է ունեցել Ժիլբեր Մոնտանյեի, Միշել Տորի և նույնիսկ Բարի Ուայթի համերգների բացմանը։
1992 թվականին Ֆիորին հաղթել է Պերպինյանում անցկացվող «Ֆրանսիական երգ» մրցույթում, իսկ մեկ տարի անց «Mama Corsica» երգով ներկայացրել Ֆրանսիան «Եվրատեսիլ-1993»-ում՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։ Այդ ելույթը մեծ ճանաչում է բերել նրան և նոր հնարավորություններ ստեղծել երաժշտական ոլորտում։
Իսկական բեկումը տեղի է ունեցել 1998 թվականին, երբ Ֆիորին ստացել է կապիտան Ֆեբ դե Շատոպերի դերը Լյուկ Պլամոնդոնի և Ռիկարդո Կոչիանտեի «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի մեծամասշտաբ բեմադրությունում։ Մյուզիքլը դարձել է համաշխարհային հիթ, իսկ Ֆեբի կերպարը Ֆիորիին վերածել է ֆրանսիական բեմի ճանաչված աստղի։
Մյուզիքլում աշխատանքին զուգահեռ Ֆիորին շարունակել է իր կարիերան։ Դեռևս Ֆեբի դերը ստանձնելուց առաջ նա թողարկել էր «Puisque c’est l’heure» (1994) և «Le cœur à fleur d’amour» (1995) ալբոմները, իսկ «Notre Dame de Paris»-ի հաջողության ալիքին հաջորդել են «Prends-moi» (1998) և «Chrysalide» (2000) ձայնասկավառակները։ Վերջինիս մեջ ներառված էր նրա հայտնի «Que tu reviennes» երգը։
Մյուզիքլի հաջողությունը Ֆիորիին բերել է նաև պաշտոնական ճանաչում․ 1999 թվականին լեգենդար «Belle» երգը «Victoires de la Musique» մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա երգ» մրցանակին, իսկ Պատրիկ Ֆիորին առաջադրվել է «Տարվա հայտնություն» անվանակարգում։
Հետագա տարիներին Ֆիորին թողարկել է ավելի քան տասը ալբոմ, այդ թվում՝ «Si on chantait plus fort» (2005), «L’instinct masculin» (2010), «Choisir» (2014), «Un air de famille» (2017) և «Promesse» (2017)։ Նրա երգացանկը ներառում է ֆրանսիական շանսոն, փոփ-ռոք և բալլադներ, իսկ իր սիրելի կատարողների թվում նա առանձնացնում է Շառլ Ազնավուրին, Ժակ Բրելին և Էդիթ Պիաֆին։
Ֆիորին ակտիվորեն համագործակցում է այլ արտիստների հետ, մասնակցում բարեգործական նախագծերի և շարունակում մնալ Ֆրանսիայի ամենասիրված երգիչներից մեկը։ Իր հարցազրույցներում նա ընդգծում է իր հայկական արմատները՝ իրեն անվանելով «կիսով չափ հայ»։
«Ֆիորի» բեմական անունը նա ընտրել է ի պատիվ մոր՝ այդ կերպ ընդգծելով իր ծագման երկու կողմերը։
Այսօր Պատրիկ Ֆիորին շարունակում է համերգային գործունեությունը՝ մնալով ֆրանսիական էստրադայի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի հայտնի դեմքերից մեկը։ Նրա կենսագրությունը հայկական և կորսիկյան արմատների, երաժշտական տաղանդի և երկարամյա ստեղծագործական ճանապարհի յուրօրինակ համադրություն է։